Գուլպան

90

Դրամատուրգ, գրող Սամվել Խալաթյանի ՖԲ էջից, –

Երբ Սվետիկը դասագիրքը ձեռքին նստում էր ծառի ստվերում՝ չթե ծաղկավոր շորով, երկհյուս ծամերով, որոնցից մեկն առջևն էր գցում, մյուսը՝ թիկունքն ի վար, կրկնակոշիկի նման չստերով և, վերջապես, տարբեր գույնի կիսագուլպաներով, նա ինձ հիշեցնում էր մի գունավոր նկար, որը տեսել էի նրա 7-րդ դասարանի դասագրքում: Իհարկե, դասագրքի նկարի աղջկա գուլպաները տարբեր չէին: Սվետիկինը տարբեր էին, որովհետև դրանցից ամեն մեկի մյուս հատը այնքան էր քձձված եղել, որ տատս անիմաստ էր համարել կարկատելը և տարբեր զույգերից ընտրել էր բարվոքը: Սվետիկն սկզբում ընդվզեց, նույնիսկ լաց եղավ, չէր ուզում դրանցով դպրոց գնալ, բայց, ի վերջո, համակերպվեց սպիտակ ու կարմիր կիսագուլպա հագնելու հետ  ու առաջին օրն իսկ դպրոցից վերադարձավ բարձր տրամադրությամբ՝ գաղտնիք իմացողի բազմախոս ժպիտով:

Սվետիկը, օրումեջ, քնելուց առաջ, լվանում էր գուլպաները, որոնք առավոտյան արդեն չորացած էին լինում և հագնում էր առանձնակի մի հպարտությամբ, դարձյալ՝ գաղտնիք իմացողի բազմիմաստ ժպիտով: Այդ ժպիտը կասկածներ առաջացրեց տատիս մեջ, ու նա, մի օր, գաղտագողի,  հետևեց Սվետիկին՝ չլինի՞ թե մինչև դպրոց հասնելը գուլպաները հանում ու բոբիկ է մնում: Իր հետախուզության արդյունքից գոհ, տատս տուն դարձավ և մեր բոլորի հարցական հայացքներին ի պատասխան ասաց՝ «Չխանեց»:

Քանի՞ օր, թե՞ շաբաթ անցավ, չեմ հիշում, և մի օր էլ, դարձյալ, լսվեց Սվետիկի կականը: Պարզվեց, որ գուլպաներից սպիտակն այնքան է արդեն մաշվել, որ կարկատել չի լինի, և տատս այս անգամ դա փոխարինել է սև գուլպայով: Տատիս, այնուհետև բոլոր տարեցների հորդորները զուր անցան, և երբ պապս լրջորեն բարկացավ ու Սվետիկին ասաց՝ «Չես հագնելի՝ շան տուր կտամ, քո՛ւ դատողի խերը…», Սվետիկը լացից խեղդվելով պատմեց, որ դպրոցում, երբ ընկերուհիները ծիծաղել են իր տարբեր գույնի գուլպաների վրա, ինքն ասել է, թե դա հայկական հին կարգ է՝ սպիտակ և կարմիր գուլպաներ հագնելը, և որ աքսորավայրում անգամ,  հայերը պահպանում են իրենց ազգային ավանդույթը:

-Բա հիմի ի՞նչ ասեե՜մ,- մղկտաց նա:

Բոլորը պապանձվեցին:

Տատս խորացավ մտքերի մեջ, մտմտաց ու ասաց.

-Որ էդ սիվտակ նասկիներն առնելի, Վիրաբանց Խայկուշն էլ՝ Վարդոյի խամար մէ զույգ առավ: Գնամ, վայթե մէ թայը մաշած չըլնի, պիրեմ:

Սվետիկը արցունքի մեջից ժպտաց, իսկ պապս գոհունակ ուղղեց մեջքն ու դուրս ելավ տանից՝ շեմքի վրա անչար հայհոյելով.

-Ձե՛ր դատողի խերը…

Նկարում՝ Սվետիկն ու ես: