«Թվային մարտադաշտ»․ Ուկրաինան մշակում է զորքերի կառավարման ավտոմատացված համակարգ

70

Ուկրաինական Telekart-Prylad Tov ընկերությունը ​ ակտիվորեն զբաղվում է զորքերի կառավարման ավտոմատացված համակարգի (ԶԿԱՀ) մշակմամբ։

Համակարգը, որի նպատակը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորներին տեղեկատվական մեկ կենտրոնին միացնելն է, կկարողանա բարձրացնել բանակի մարտական ներդաշնակության մակարդակն ու արդյունավետությունը։

Պլաններ և հայեցակարգ

Telekart-Prylad Tov-ի տնօրեն Ալեքսեյ Կոզլովի խոսքով՝ մշակվող կառավարման համակարգի հիմնական խնդիրը զինվորի և հրամանատարի միջև տեղեկատվության փոխանցուման ավտոմատացումն է՝ տարվող աշխատանքը հեշտացնելու և լրացուցիչ բեռ չստեղծելու համար։ Համակարգը «ինքնին է հուշելու» զինվորին, թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ փոխանցել հրամանատարին։

Այս մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի կանխել մարտական գործողությունների ժամանակ ավելորդ տեղեկատվության շրջանառումը, ինչը շատ հաճախ հանգեցնում է խուճապային տրամադրությունների և սխալ գործողությունների, որն էլ իր հերթին՝ մարդկային կորուստների։ Սրա շնորհիվ հրամանատարը զերծ կմնա այն տեղեկատվությունից, որն ամենևին անհրաժեշտ չէ մարտը ղեկավարելու համար և կարող է միայն խանգարել։​

Համակարգն ինքն է հավաքում տեղեկատվություն, վերլուծում այն ​​ըստ նշված ֆիլտրերի, որոշում առաջնահերթությունը և տրամադրում այն ​​համապատասխան քանակի և համապատասխան հաստիք ունեցող հրամանատարներին:

Այդպիսով, բարձրագույն հրամանատարությանը ստացված տեղեկատվության հիման վրա առանց ժամանակ կորցնելու կարող է որոշել խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ: Կոզլովի խոսքով՝ իրենք արդեն մշակել են կառավարման ավտոմատացված համակարգի լիարժեք նախատիպ, որը փորձարկվել է զորքերում։

Ինչպե՞ս է գործում ԶԿԱՀ-ը

Կառավարման համակարգի առաջին մակարդակում դյուրակիր թվային ռադիոկայանը տեղափոխող զինվորն է։ Ընդ որում, Telekart-Prylad Tov-ը մշակել է իր սեփական ռադիոկայանը, որը պատրաստ է սերիական արտադրության:

Ռադիոկայանը կարող է փոխանցել ինչպես ձայնը, այնպես էլ զինվորների հանդերձանքի վրա տեղադրված սենսորների գրանցած տվյալները: Սա հրամանատարին տալիս է պատկերացում զինվորի գտնվելու վայրի մասին, որը կարող է լրացվել տեսախցիկի պատկերներով և զինվորի անոթազարկի (պուլս) հաճախության տվյալներով: Բացի այդ, զինվորը հետախուզության համար կարող է կրել լազերային հեռաչափիչ՝ ռադիոկայանի միջոցով հայտնաբերված թիրախների ճշգրիտ պարամետրերը ակնթարթորեն հրամատարական կետ փոխանցելու հնարավորությամբ։

Հետիոտնի երկրորդ սարքավորումը մարտավարական ինտերֆեյսով համալրված գրպանի համակարգիչն է, որը պարունակում է առաջադրանքներ և անընդհատ թարմացնում է ռազմաճակատի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս սարքը կարող է ցույց տալ դաշնակիցների, նրանց փոխադրամիջոցների, հայտնաբերված թշնամիների գտնվելու վայրերը: Սա մեծացնում է զինվորի տեղեկացվածությունը՝ թույլ տալով նրան ավելի արդյունավետ գործել:

Հրամանատարների հանդերձանքը լրացվում է ունիվերսալ ճյուղավորիչով (универсальный разветвитель)` բոլոր սարքավորումները մեկ համակարգին միացնելու համար, և հավելյալ VHF ռադիոկայանով։ Այն նախատեսված է հավաքված ամբողջ տեղեկատվությունը ավելի բարձր հրամանատարական կետեր փոխանցելու համար։

Իրականություն և հեռանկարներ

Ըստ մշակողների՝ իրական պայմաններում համակարգի հեռահարությունը 2 կմ է: Այս հեռավորության վրա պահպանվում է տվյալների փոխանցման բարձր արագությունը՝ թույլ տալով փոխանցել նույնիսկ հոսքային տեսանյութ: VHF ռադիոկայանը գործում է մինչև 5 կմ հեռավորության վրա: Միևնույն ժամանակ, քաղաքային պայմաններում, տվյալների փոխանցման տիրույթը կրճատվում է մինչև 700 մետր, իսկ VHF-ի պարագայում՝ մինչև 2-3 կմ:

Կոզլովը նշել է, որ համակարգի հեռանկարները կախված են պատվիրատուների հետաքրքրությունից և ֆինանսավորման չափից:

Արամ Խաչատրյան