Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է դեսպանի կողմից Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելը և Շուշի չմեկնելը. Trrt.am

143

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել է՝  ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում: 

Այս կապակցությամբ haqqin.az լրատվականի խմբագրությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերին խնդրել է պատասխանել թեմայի վերաբերյալ մի շարք հարցերի: Ստորև ներկայացված են ԱՄՆ դեսպանատան պատասխանները:

– Ինչո՞ւ մերժեցիք Շուշի այցելելու կառավարության հրավերը: 

– Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի:

– ԱՄՆ-ն տարբեր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի կոնսոլիդացված դիրքորոշման հետ համահունչ գործում:

– ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2014-ին ուկրաինական տարածքի օկուպացիայի, չարամիտ կիբեր և հակաահաբեկչական գործողությունների, մարդկանց վաճառքի, զենքի տարածման և այլ չարամիտ գործողությունների համար: ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Ռուսաստանը կվերադառնա միջազգային պարտավորությունների կանոնների վրա հիմնված մոդելի, ինչը մեզ հնարավորություն կտա կառուցել ավելի կայուն և կանխատեսելի երկկողմ հարաբերություններ:
ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի հետ համագործակցությունը որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ՝  երկկողմ և գլոբալ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են պատժամիջոցները, զենքի կրճատումը և կլիմայի փոփոխությունը:

– Ինչո՞ւ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները, հանդես եկան նույն դիրքորոշմամբ և մերժեցին հուլիսի 9-ին Շուշի այցելելու հրավերը:

– Մենք չենք մեկնաբանում մեր դեսպանի ժամանակացույցի մանրամասները: Խորհուրդ ենք տալիս կապվել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների հետ ՝ այլ դեսպանատների մասին մանրամասներ ստանալու համար: