Հայն աշխարհին դեռ ասելիք ունի

87

[202102532.jpg]

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պրոֆեսոր

Հայրենիքըՙ ոչ թե ստրուկի, այլ մարդու տուն է:

ՄԱՁԻՆԻ

21-րդ դարում բոլոր զարգացած երկրներն ու քաղաքակիրթ, գրագետ հասարակությունները ձգտում են խաղաղության: Մարդիկ աշխատում են ապրել հաշտ ու համերաշխ, կամեցող դրկիցների նման օգնել միմյանց ով ինչով ու ինչպես կկարողանա: Մարդիկ աշխատում են, ստեղծագործում ու վայելում են կյանքը: Ճամփորդում են (շուտով նաեւ տիեզերքում), փորձում նվաճել տիեզերքը, յուրացնել Լուսինն ու Մարսը…: Իսկ այս ամենի համայնապատկերում մեր երկրում, այսքան արհավիրքներից, տարածքային կորուստներից, զոհերից ու խեղվածների հառաչանքներից անգամ մենք համառորեն ուշքի չենք գալիս, չենք սթափվում եւ անգամ չգիտենք, թե ինչ ենք ուզում: Մերժում ենք պատերազմը, բայց խաղաղության ծրագիրն էլ չենք ընդունում, կորուստների հետ չենք հաշտվում, բայց դրանք հետ բերելու համար էլ նեղություն կրել չենք ցանկանում…:

Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակը մեզ հնարավորություն տվեց վավերացնել մեր անկախության փաստաթուղթն ու առաջ շարժվել: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ այնքան բաղձալի անկախությունն արդեն մեր ձեռքերում էր: Մենք բոլորս «Մեծ երազի» կերտողներ էինք եւ հնարավորություն ունեինք ստեղծելու մեր բաղձալի Հայաստանը: Շատ ոգեւորվեցինք, բայց հետո երդմնակոտոր եղանք, ոտնատակ արեցինք մեր ուխտի սեղանն ու շարժվեցինք ոչ մի տեղ չտանող ճանապարհով: Պետականության կայացման կամուրջներից շատերը քանդեց հենց այն քաղաքական ուժը, որն այդ կամուրջների մասին ժողովրդի շրջանում երազներ վառելով էր իշխանության եկել: Հատկապես 1988 թ. Երկրաշարժից հետո շատերը հոգեբանորեն կտրուկ փոխվեցին: Նախկինում պարտաճանաչ աշխատող ու պատվարժան ապրողներից շատերն ապավինեցին օգնություն տվող տարբեր կառույցների բարեհոգությանը: Շատ-շատերը աշխատանքն ու աշխատավայրը կորցնելուն զուգընթաց կորցրեցին նաեւ իրենց հպարտությունը: Պատեհությունն ու որկորը լցնելու անսահման հնարավորությունը փոխեց բոլորին: Նախկին անկախության ու ազգային գաղափարախոսության մասին Ազատության հրապարակում բարձրաձայնող դեմքերից շատերը հեշտությամբ դարձան պղնձի ու խողովակի գող, եղբայրության կոչեր անողներն սկսեցին սրբազան եռագույնի աչքի առաջ ոտնատակ անել իրենց գաղափարական ընկերներին: Աստիճանաբար ձեւավորվեց նոր պետություն, որն ուրիշ որակ էր: Այն մեր լավագույն տղաների արյան գնով էր կառուցվել ու մեզ էր պատկանում: Սակայն չկարողացանք հասկանալ ամենակարեւորըՙ չէր կարելի դավաճանել 1988-ին ազատության հրապարակում կանգնած մեր հայրենակիցներին ու անխնա թալանել այդ պետությունը: Իսկ հասարակ մահկանացուներն ամենուրեք հանդիպելով անարդարությունների անմատչելի պատնեշներիՙ որդեգրեց պասիվ պայքարի ուղին եւ սկսեց արտագաղթել:

Երկիրը դատարկվում էր, տնտեսությունը քայքայվում, բայց ցավոք դա չհասկացան կամ չուզեցին հասկանալ նաեւ իշխանության եկած հաջորդ ուժերը: Իսկապես, 1990-ականների վերջին իշխանության եկած նոր ուժը քիչ բանով տարբերվեց նախկիններից: Ճիշտ է, լույսերը տվեցին, ցեխից դուրս եկանք, ասֆալտի վրայով քայլեցինք, բարձրահարկ շենքեր տեսանք, իմացանք ինտերնետն ինչ է, բայց դա ձեւային կողմն էր, վերնագիրը, իսկ բովանդակության մեջ մեզ էլի ծեծում էին, թալանում, համարձակության համար մեկ-մեկ սպանում: Իսկ փակուղում հայտնված ժողովուրդը շարունակեց արտագաղթել:

2008-ին իշխանության եկած ուժը փորձեց շարունակել իր նախորդի գործելաոճըՙ որդեգրելով միայն դրականը: Բայց շրջապատը կախվեց նրա ոտքերից ու քաշեց անդունդը: Մարդիկ էլի ծեծվում էին, հազվադեպ նաեւ սպանվում: Հեռուստատեսությամբ ու ռադիոյով լավ-լավ խոստումներ էինք լսում, բայց միայն այդքանը, բովանդակության մեջ մենք էլի կարիքավոր ու չտես էինք, էլի հարմար առիթ էինք փնտրում, որ մեկից մի բան թռցնենք, մյուսիցՙ մի բան: Հասարակ ժողովուրդն էլ շարունակեց լքել հայրենի եզերքն ու բռնել գաղթականի նզովյալ ցուպը:

Երկրում կամ այլեւս չկար կամ չէր մնացել մեկը (իսկ ասողին էլ լսող չկար), որ կարողանար 70 տարի ամեն պատեհ առիթով գործարանից մալուխ, ֆերմայից կաթ ու մսի կոմբինատիցՙ գառան դմակ թռցնող մարդուն բացատրեր անկախ պետություն ունենալու կարեւորությունն ու տարբերությունը: Մենք չընկալեցինք մեր անկախությունը եւ դա եղավ մեր մեծագույն սխալն ու բացթողումը: Ժողովուրդն էլ շարունակեց արտագաղթել, որովհետեւ նրան հենց լավ կյանք խոստացողները խաբում ու խաբում էին ու թալանում:

Այս բացառիկ երեւույթը որոշ չափով նման էր 1908 թվականի երիտթուրքական հեղափոխության օրերին, երբ հայերը խանդավառված ազատության, հավասարության, եղբայրության կեղծ կարգախոսներովՙ ողջունում էին սիոնա-երիտթուրքական հեղափոխությունը: Երկու դեպքում էլ նրանք չարաչար սխալվեցին, քանի որ մի դեպքում այդ ամենին հաջորդեց ցեղասպանությունը, մյուսումՙ արտագաղթի տեսքով սպիտակ եղեռնը, իսկ երկու դեպքում էլՙ երկրի հայազրկումը:

Երկրագնդի վրա տեւական ժամանակ է ապրում եմ եւ վերջին հիսուն-վաթսուն տարիների ժամանակի մասնակիցն ու կենդանի վկան եմ: Արդեն բավականին էլ կենսափորձ ունեմ եւ հաճախ եմ թերթում անցյալի էջերը եւ մերօրյա սարսափներից, միմյանց դավաճան ու գործակալ հայտարարելուց, անպտուղ գզվռտոցից հետո միայն, կարողանում եմ հետահայաց հասկանալ ու շատ զարմանալ, որ քսաներեք տարի առաջ հաղթած երկրի ղեկավարի ու հաղթանակած բանակի գերագույն գլխավոր հրամանատարի առաջարկած փոխզիջումային տարբերակից հետո, ուղղակի ինչպես է պատահել, որ այդ մարդուն հանդուրժել: Ավելին, մինչեւ հիմա ինքը կա ու դեռ երբեմն էլ խառնվում է պետականության պահպանման հետ կապված հարցերին: Մտածում եմ, որ հավանաբար շատ հզոր մտքի տեր է, որ սարսափազդու պատերազմից ու երկրի տնտեսության ավերումից հետո շատ արագ կարողացել է հասկանալ, թե ինչ է ուզում աշխարհը մեզանից, այդ մասին բացահայտ ասել է ժողովրդին ու փորձել գտնել հիմնախնդրի լուծման ճանապարհը: Եվ իսկապես, շատ բարձր նշաձող է սահմանել թե՛ այսօրվա, թե՛ ապագայի համար: Ենթադրում եմ, որ ներկա սերունդն իր մաշկի բոլոր թելերով զգաց հիմնախնդրի բարդությունը եւ հիսուն կամ հարյուր տարի հետո պատմության դասագրքերում կգրվի այդ ամենի մասին, իսկ գալիք սերունդներն էլ կկարդան ու կսերտեն «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը:

Իսկ մեր օրերում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նախորդների օրգանական շարունակությունն են եւ որոնց արձագանքում են շատերը: Օրինակ Ռուսաստանում շատ լուրջ մարդիկ եւ պարբերականներ (մասնավորապես, Եվգենի Սատանովսկին, «Կոմերսանտը», այլ վերլուծաբաններ) ասում են, որ հայ ժողովուրդը Արցախի կորստի եւ 5000 զոհերի համար գործող վարչախմբին ներեց: Տպավորություն է, որ կարծես հայ ժողովրդին այնքան էլ չեն հուզում ո՛չ զոհերը, ո՛չ հողերի կորուստը: Իսկ քաղաքագիտության դոկտոր Վիտալի Ավերյանովը գրեց. «Հայերը միշտ սիրում են կրկնել, որ այս կամ այն հարցում նրանք աշխարհում առաջինն են եղել: Հիմա եւս, նրանք աշխարհում առաջինն են, որ պարտված ղեկավարին` լեգիտիմացրել են եւ հնարավորություն են տվել ձեւավորելու կառավարություն: Հայերը դուրս են եկել պատմական օրենքների դեմ եւ դա Հայաստանի վրա ցավոք, նոր, գուցեեւ` ավելի թանկ գին է արժենալու»: Վերջերս Բաքվում լույս տեսնող թերթերից մեկն էլ գրեց, որ ՀՀ ԱԺ-ի ընտրություններում հաղթեցին Ադրբեջանն ու հայկական գյուղը: Ավելի դիպուկ դժվար է ասել…: Կարծում եմ, սակայն, որ դա այնքան էլ այդպես չէ: Գործող վարչախումբն ընտրություններում հաղթեց, որովհետեւ, նախ, Հայաստանը որպես պետություն ամբողջապես դեռ կայացած չէ: Խորհրդային Միությունից անկախանալուց հետո` ինչպես իրավացիորեն նշում է քաղաքագետ, ՌԴ Պետդումայի քաղաքական հարցերով խորհրդատու Դմիտրի Կուլիկովը, «մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, թե ինչպես ապրել անկախ եւ ինքնիշխան պետությունում: Մինչեւ այսօր էլ դեռ լավ չեն գիտակցում»: Հետո էլ ժողովուրդը ոչ թե ներել է, այլ ներկա վարչախումբն օգտագործելով զանազան քաղտեխնոլոգիաներ կարողացավ համոզել ժողովրդի զգալի մասին, թե բոլոր բացասական երեւույթների համար մեղավոր են նախկինները եւ որ Արցախը նրանք են հանձնել: Հետեւաբար, զոհերն էլ են տվել նախկինները: Իսկ նախկինները չկարողացան ժողովրդին հակառակն համոզել եւ հասկանալի ներկայացնել ճշմարտությունը:

Պատմաբանիս դիտակետից նշեմ, որ Մեծ Հայքի մի փոքր տարածքի վրա կարողացել էինք արյան գնով կերտել ազատ ու անկախ Հայաստան պետություն, սակայն պատմությունից դասեր չքաղեցինք եւ կրկնելով դարավոր սխալները ոչ մի ձգտում չունեցանք հզորացնելու այդ մի կտոր Հայաստանը: Յուրաքանչյուր հայի տուն, հույս ու ապագա Հայաստանը: Ավելին, արյան գնով ու մեծ դժվարությամբ ստեղծածը կորցնում ենք կրկին, մարելով թաքուն ապրող ու ազատ Հայաստան երազող հայի վերջին հույսը…: Ամեն ինչ խճճվել է, խեղաթյուրվել: Բանը հասել է այնտեղ, որ հայ ժողովրդի պատմության մեջ երկրորդ անգամ հոգեւոր առաջնորդը դեմ է դուրս եկել աշխարհային դասի գլխավորին: Հիշեցնեմ, որ առաջինը Ներսես կաթողիկոսն էր, որը խիստ ու պատժելի խոսքով դեմ դուրս եկավ Պապ թագավորին: Համարելով նրան տհաս ու մանուկ եւ ասելովՙ ողբամ զքեզ երկիրս, երբ թագավորդ է մանուկ ու տհաս:

Վերջապես հարկավոր է ուղիղ նայել իրականության աչքերին: Առկա է պարզ մի իրողություն. 1991 թվականին անկախություն ստացած պետությունից ոչինչ չի մնացել: Փոխվել է պետության տարածքը, բնակչության թվաքանակը, նպատակները, մեր եւ երկրի մասին մեր երազանքներն ու պատկերացումները: Փոխվել են հայկականությանը միավորող գաղափարները, ապագայի մասին մեր տեսլականը եւ այլն: Այնպես որ, կարող ենք արձանագրել. այժմ ունենք նոր Հայաստան. որտեղ դարերի հնության եւ գալիքի տիրույթում պետության եւ ժողովրդի բոլոր հիմնական պարամետրերը փոխվել են: Այսօրվա Հայաստանը ուժեղ եւ գիշատիչ պետությունների կողքին կիսապետություն է, այլ երկրների հատուկ ծառայությունների պայքարի թատերաբեմ: Իսկ մեր պետական եւ ազգային երազանքները հիմա գտնվում են զրոյական մակարդակի վրա, որը կտեւի այնքան ժամանակ, մինչեւ մեր թշնամիներն ու դաշնակիցները մեզ համար կձեւավորեն նորը:

Կարծում եմ, սթափվելու ժամանակն է: Պետք չէ այլեւս սեփական պարտության, սեփական ապիկարության համար շարունակել մեղադրել բոլոր ժամանակներում նույն ժողովրդին: Այն ժողովրդին, որը երբեք չի փոխվել: Եղել է հոգնած, կասկածամիտ, բամբասկոտ, երբեմն տաղանդավոր զավակներ ծնող, երբեմն Վարդանանց ու Սարդարապատի հերոսական կռիվ տվող, երբեմն սեփական անկարողության ու տգիտության մեջ նսեմացված, բայց տաղանդներ ու հերոսներ ծնող, նորն ու գեղեցիկն արարող… Պետք չէ վեր կանգնել այդ ժողովրդից եւ եսասիրական մղումներից ելնելով սեփական սխալները չնկատել…: Ես, օրինակ, սիրում եմ եւ կշարունակեմ հավերժ սիրել այդ միամիտ, բամբասկոտ, նյութապաշտ ու հերոս ժողովրդին, որովհետեւ ինչպես կասեր Քաջազնունին, ես ինձ զգում եմ իմ սեփական ժողովրդի ոսկրից ու արյունից…: Ավելացնեմ նաեւ, որ ժողովրդի թույլ տված մեծաքանակ սխալների համար սիրտս ցավում է հենց այդ նույն ժողովրդի համար: Վստահ եմ նաեւ, որ հենց այս նույն ժողովուրդը մի օր կարողանալու է իր հերոսական կռիվը (բոլորովին էլ պարտադիր չէ պատերզամը, դա կարող է լինել մտքի, հանճարի, արվեստի եւ այլ բարձր արժեքների կռիվ) տալ, զբաղեցնել իրեն արժանի տեղն այս արեւի տակ եւ անցում կատարել դեպի ավելի բարձրՙ ազգային մակարդակ: Ավելի քան վստահ եմ նաեւ, որ ազգի մակարդակում հայը դեռ իր արժանապատիվ խոսքը կասի համայն մարկությանը…