Ավելի բարձրում մնացած Վաչագանը 30 տարեկան է

197

  Հուլիսի յոթը աննման հայորդու՝ Վաչագան մանուկյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ երեսուն տարեկան, թեև այդ հաշիվները մեր՝ մանր-մանր երկրային հևքերով տարվածների համար է. այնտեղ՝ երկնային թափանցիկ ոլորտներում թվեր չկան, թվեր պետք չեն։ Եռաբլուրում Վաչագանի շիրիմին խնկարկելուց հետո այցելեցինք Էջմիածին, որտեղ թիվ 2 դպրոցի բակում (այսեղ է սովորել հերոսը) Վաչագանին և ընկերներին նվիրված խաչքարի հանդիսավոր բացում տեղի ունեցավ։ Խոսեցին հարազատները, ընկերները, մարտական ընկերները, իր հրամանատարության տակ կռված ընկերները, և մարդիկ, ովքեր սիրել են Վաչագանին, տարվել իր սխրանքներով, վարակիչ ջերմությամբ, ուսուցանող գրով և ոգով։ Այնուհետև նույն դպրոցի միջանցքում հավաքվածները բաժակ բարձրացրին ի հիշատակ փառքով ընկած հերոսի և խոսեցին նոր հրատարակված Վաչագան Մանուկյանի «Չկորցնեք Լույսը» գրքից, որն իրենից ներկայացնում է հեղինակի հոդվածները, հրապարակումներն ու գրառումները։ Գրքում ընթերցողը կարող է նկատել փիլիսոփայական հարցադրումներ՝ ուղղված կյանքին, մարդուն, օրվան, ամենայն շոշափելիին և անգամ աննյութեղենին։ Կան մարգարեացած խոսքեր, որ Վաչագան մանուկյանն իբրև խորունկ մտածող գրել էր զոհվելուց բառացիորեն օրեր առաջ։ Սա մի նոր ձեռքբերում է. մեր կողքին ապրած հերոսին (բառի ամենաբրոնզե իմաստով) , ճանաչելու, իր բարձրարժեք մտքերին հաղորդակից լինելու, գեղարվեստական նարոտով պարուրված մնացյալ գործերով հիանալու մի միծ շանս է։

   Վստահ եմ՝ սերունդներ կանցնեն, կյանքեր կհոսեն, հաշիվներ կկորեն, բայց Վաչագան Մանուկյանի կյանքի հերոսական ընթացքը անհատնում սյուժեի պես թրթռա պիտի մարդկանց քունքերում, «ու դեռ պիտի գա հանուր կյանքի արշալույսը կարմիր հագած…»։

  Մի փոքրիկ անդրադարձ ազնվական Վաչի վերջին տողերից՝ իր անսահման նվիրումի խոստման երդումով, արճճի պետ հնչող «Շուշի» անվան համար որոտալուց առաջ.

«Ես էս որտե՞ղ եմ,

ո՞վ գիտի,

որտե՞ղ եմ հիմա,

ի՞նչ եմ որոնում

աշխարհի եղած

չեղածի ծիրում:

Ես էս ինչքա՞ն հարբեցի,

որ ինձ կորցրի,

ու

ինչ-որ մռայլ,

անհասցե վայրում

երգեցի երգեր`

կորստի ձայնով,

ինձանից անկախ,

ավեր տաճարի

աղոթավայրում:

Հուշերս վառեցի

դաժան կրակով,

և

ինձ հանդիպած

մի տխուր կարոտ

կանչում էր հեռու՜

ինձ ներած ձայնով,

որ փրկեր կյանքս

ինչ-որ վտանգից…

Այդ մռայլ, սիրուն

կարոտով տարված՝

ես շրջանցեցի

ձայնը փրկության`

կյանքիս անորոշ

խաչմերուկներում,

որ ինձ չգտնի,

որ այս քաոսում

փրկեմ ամենքիդ

ու ինձ մոռանամ…»

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 21 հոկտեմբեր 2020թ


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ