«Իմ քայլի» պատգամավորները դժգոհ են. «Ժողովուրդ»

89

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ աժիոտաժ է տիրում: Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ղեկավար կազմից ոչ ոք չի հանդիպել նրանց հետ եւ չի քննարկել հետագա անելիքները կամ ապագան:

Մեր տեղեկություններով՝ իրավիճակը պատգամավորներին դուր չի գալիս նաեւ այն պատճառով, որ նրանցից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են լինել:

Առավել եւս ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում հետաքրքրություն չի ցուցաբերել իր խմբակցության նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր համարներում գրել էր, թե ովքեր են, օրինակ, ԱԺ նախագահի, փոխնախագահի կամ խմբակցության ղեկավարի հավակնորդները:

Օրինակ՝ խմբակցությունում դեմ են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ղեկավարի ֆրակցիան, քանի որ տարբեր մարդիկ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել, Արփի Դավոյանին եւս համաձայն չեն՝ նույն հանգամանքից ելնելով, իսկ ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանին, ապա նրան ճամբարափոխ եւ անվստահելի են համարում (վերջինս Էդմոն Մարուքյանի սանիկն է, ԼՀԿ-ից է «Իմ քայլ» տեղափոխվել):

Մի խոսքով, չի գտնվել դեռ այն թեկնածուն, որի շուրջ սիրով կհամախմբվեն: Բոլորը շունչները պահած սպասում են, թե երբ Նիկոլ Փաշինյանը կգա եւ կհանդիպի իրենց: Նշենք, որ կադրային հարցերը քննարկվում են բացառապես ՔՊ վարչությունում՝ հնարավորինս սեղմ շրջապատում»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: