Թորոսյանի «բարեփոխումների» արդյունքում մեկուկես տարում մարզային 7 բուժկենտրոնների մանկաբարձական բաժանմունքներ են փակվել․ News.am

90

NEWS.am-ը գրում է․ Հանրապետության չորս մարզերի բնակիչներ արդեն մեկուկես տարի է «վայելում են» Առողջապահության ոլորտում  նախկին նախարար Արսեն Թորոսյանի իրականացրած «բարեփոխումների» պտուղները։ Պարզվում է, առողջապահության նախարարի 2018-ի հրամանով սահմանված նոր պահանջներին չհամապատասխանելու արդյունքում՝ նախորդ տարվանից մարզային 7 բուժկենտրոններ այլևս պետպատվերով մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ չեն մատուցում։

NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջին տարիներին նախարարության կողմից որևէ ծննդատուն չի փակվել։ Փոխարենը 2020թ. բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տրամադրող  հանձնաժողովի համապատասխան որոշումներով մասնակի մերժվել են Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ–ի, «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ–ի, Տավուշի մարզի «Աչաջրի առողջության կոնտրոն» և «Արծվաբերդի առողջության կոնտրոն» ՊՈԱԿ–ների, Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտի բժշկական կոնտրոն» ՓԲԸ–ի և «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ–ի, Սյունիքի մարզի Քաջարանի առողջության կոնտրոն ՓԲԸ–ի կողմից ներկայացված 2020թ. պետական պատվերի հայտերը՝ մանկաբարձական և գինեկոլոգիական տեսակների մասով։ Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը նման որոշման է հանգել՝ «հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը»։ Հայտերի մերժման հիմք է հանդիսացել առողջապահության նախարարի 2018թ. համապատասխան հրամանով սահմանված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներին ներկայացված պահանջներին չհամապատասխանելը։

Նախարարությունից պարզաբանել են, որ հիշյալ բժշկական կազմակերպություններում հիմնականում չեն եղել անեսթեզոլոգներ և նեոնատոլոգներ։

«Բոլոր կենտրոններում մանկաբարձ գինեկոլոգները չեն կատարել վիրահատություններ։ Բուժանձնակազմերի գերակշիռ մասը համատեղությամբ զբաղեցրել են մի քանի հաստիք, եղել են կոնսաթոշակառուներ՝ մանկաբարձուհի, մայրապետ»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

 Անդրադառնալով մակաբարձագինեկոլոգիական բաժանմունքների փակման արդյունքում աշխատանքը կորցրած բուժաշխատողների քանակին, նախարարությունից հստակ թիվ չեն նշել, փոխարենը ենթադրություն են արել, թե ով կարող էր զրկվել աշխատանքից։

«Աշխատանքից փատացի կարող էին զրկվել Մարալիկի ԱԿ–ի 4 մանկաբարձուհի, 3 մանկական բուժքույր, 4 մայրապետ, Աչաջրի ԱԿ–ի մանկաբարձուհին»,–հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ այս գործընթացը սկսվել է 2018–ին և վերոնշյալ բժշկական կազմակերպությունների հիմնադիրներ հանդիսացող մարզպետարանները կարող էին աշխատանքներ իրականացնել առանց աշխատանքի մնացող կադրերի աշխատանքով ապահովման ուղղությամբ։

Մինչդեռ NEWS.am–ի տեղեկություններով՝ մարզային 7 բուժկենտրոնների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքների փակման արդյունքում գործազուրկ դարձած աշխատակիցների թիվն անհամեմատ մեծ է նախարարության ներկայացրած ցուցանիշից։ Հիշեցնենք, որ այս որոշումների արդյունքում այլևս հղի կանայք և ծննդկանները չեն կարող անվճար ծննդօգնություն ստանալու նպատակով այցելել իրենց բնակավայրին մոտ գտնվող հիշյալ բուժհաստատություններ, այլ ստիպված են օգտվել մարզկենտրոններում կամ Երևանում գործող բժշկական կազմակերպությունների ծառայություններից։