Ինչպես կարելի է սեփական Հայրենիքն այսքան ատել․ Սենոր Հասրաթյան

60

Մտածող քաղաքացին օր-օրի օտարվում է իր բաժին Հայրենիքից. Օտարվում է մուրճի ու վենդետայի «օգնությամբ». Երկրի «տեր» են դարձել նրանք, որոնք անհաղորդ են իրականությանը, այն իրականությանը, որն ամենօրյա, իսկ գուցե նաև ամենժամյա ռեժիմով խժռում է մեր երբեմնի ապրող և, եթե անգամ դանդաղ, բայց զարգացող Հայրենիքից մնացածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թե ինչով կավարտվի երկիրը մաշող այս անորոշությունը, թերևս հայտնի է միայն նրան, ով արդեն երեք տարուց ավելի անում այն, ինչն «ընդունելի» է ոչ թե մտածող, այլ պետականությունից ու ազգայինից անտեղյակ զանգվածի համար…

Որոնք «նախկիներից» ու «թալանչիներից» ազատվելու կեղծ լոզունգներից ինքնատիրապետման զգացողությունը կորցրած, մանկուրտի բնազդով օժանդակում են օրվա անհայրենիք իշխանավորներին ավերել այն ամենը, ինչ ստեղծվել է ոչ միայն տարիների ծանր ու դժվարին արարումներով, այլև մեր հազարավոր հերոս հայորդիների կյանքի գնով:

Մենք իրոք հասել ենք մի հանգրվանի, որից այն կողմ դժոխքն է և այն իրականությունը, որտեղից դուրս գալը լինելու է ոչ թե դժվար, այլ գուցե նաև անհնար…

Անհնար, քանի դեռ երկրի ղեկը ստանձնած պատահականությունների խմբակը և, մասնավորապես, նրան ներկայացնող Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածը փոխանակ ուղիներ որոնի պետականությունը կործանումից փրկելու համար, տակավին հոխորտում է կադրային ջարդ անելու մասին…

Այս ամենից հետո ուզում ես գոռալ՝ ինչպես կարելի է սեփական Հայրենիքն այսքան ատել»: