Մեկ շքեղ հարված և Եվրոպայի գործող չեմպիոնները լքում են Եվրո-2020-ը. Բելգիան 1/4 եզրափակչում է

99

footballam.com

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում կայացավ Բելգիա – Պորտուգալիա հանդիպումը։ Բելգիացիները հաղթեցին նվազագույն՝ 1։0 հաշվով։

Առաջին խաղակեսում իներտ խաղ ընթացավ, իսկ վերջնամասում՝ «ամպրոպ խաղաղ երկնքում». 42-րդ րոպեին Տորգան Ազարը տուգանայինի մատույցներից կատարած հիանալի հարվածով գրավեց Ռուի Պատրիսիուի դարպասը։

Երկրորդ խաղակեսում խելահեղ պայքար ընթացավ։ Պորտուգալացիները աստիճանաբար մեծացրին ճնշումը և մի քանի անգամ լրջորեն սպառնացին բելգիացիների դարպասին։ Ամենավտանգավոր պահը 83-րդ րոպեին էր, երբ Ռաֆայել Գերեյրուի հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից։ Բելգիացիները շեշտը դրել էին կուռ պաշտպանության վրա և հիմնականում ապավինում էին հակագրոհներին։ 88-րդ րոպեին էլ Ռոնալդուի՝ գլխով փոխանցումից հետո Անդրե Սիլվան փորձեց մոտ տարածությունից գնդակն ուղարկել դարպասը, սակայն Տիբո Կուրտուան տեղում էր։ Ավելացված վերջին՝ 5-րդ րոպեին Ժոաո Ֆելիշի հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Հարկ է նշել, որ ամբողջ 2-րդ խաղակեսում նյարդային և տեղ-տեղ կոշտ խաղ ընթացավ։ Հանդիպման մրցավար Ֆելիքս Բրիխը 5 դեղին քարտ է ցույց տվել։

Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոնները դուրս են մնում Եվրո-2020-ից, Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Բելգիայի հավաքականը դուրս է գալիս 1/4 եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Իտալիայի ընտրանին։