Պետդեպարտամենտ. Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում դեռ լուրջ հարցեր կան

122

Վիեննայի բանակցություններում դեռ խնդիրներ կան՝ կապված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին ԱՄՆ-ի և Իրանի վերադարձին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան խորհրդակցությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հատուկ ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները: Եղել են հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ Իրանի հետ արդեն գործարքի ենք հասել և մնում է միայն որոշել, թե երբ կհայտարարենք: Թույլ տվեք շատ պարզ ասել. մենք հենց նոր ավարտել ենք վեցերորդ փուլը: Մենք կվերսկսենք [բանակցությունները] և կվերադառնանք յոթերորդ փուլին ոչ շատ հեռավոր ապագայում: Եվ մենք դա չէինք անի, եթե գործարքն արդեն կնքված լիներ», ասել է դիվանագետը:

«Մենք դեռ ունենք լուրջ տարաձայնություններ շարք հարցերի շուրջ, որոնք չի հաջողվել հաղթահարել․ դա միջուկային ծրագրի քայլերն են, որոնք Իրանը պետք է ձեռնարկի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահանջներին համապատասխանելու համար, ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը, երկու կողմերի ձեռնարկելիք քայլերի հաջորդականությունը», ասել է նա: