Արսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. ինչ է ծրագրել․ «Ժողովուրդ»

90

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որ միաժամանակ նաեւ ՀՀ փաստացի առողջապահության նախարար է, արդեն նախարարի նոր թեկնածու ունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը նոր ծրագիր է կազմել. նա իր ընկերոջ կնոջը՝ նախարարի ներկայիս ժ/պ Անահիտ Ավանեսյանին նպատակ ունի գործուղել խորհրդարան: 

Ըստ Թորոսյանի ծրագրի՝ Ավանեսյանը խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եւ այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից եւ իր մարդը կունենա այդ հանձնաժողովում:

Իսկ գաղտնիք չէ, որ Թորոսյանն ու Զեյնալյանը խնդիրներ ունեն, եւ դա ոչ մեկ անգամ է արտացոլվել խորհրդարանում: Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա Թորոսյանն արդեն նախարարի նոր թեկնածու ունի՝ իր տեղակալ Սարգիս Թորոսյանը: Վերջինս 2019թ. ապրիլի 10-ից է զբաղեցնում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Նա մասնագիտությամբ իրավագետ է, սակայն առողջապահության ոլորտում եւս պաշտոններ է զբաղեցրել: Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանն էլ առողջապահության ոլորտի մասնագետ չէ, իրավաբան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում