«Հանճարեղ» իլուզիանիստը հաղթեց

189

   Ընտրություններն ավարտվեցին։ Թեև դրա ֆինալի վերաբերյալ եզրահանգումները պարզագույն էին։ Նա հաղթեց։ Նա՝ հանճարեղ իլուզիանիստը,  որ որ դյութելով մրջնաբնի խտությամբ ամբոխներ է ժողովում։ Այո՛, ամբոխներ, որովհետև մենք հեռու ենք «ժողովուրդ» կամ «ազգ» բնորոշումներից, մենք միջցեղային անդեմ կուտակումներ ենք՝ անգաղափար, անմիտում, անդրոշ, անճակատ ու, առհասարակ, «ան» (ժխտող ամեն կարևորը)…

   Ինձ թող խորագետները չջանան համոզել, թե պետական մտածելակերպին հայաստանցին ծանոթ է։ Թող իմաստունները չհոխորտան, իբրև թե անցյալ, ներկա, արևոտ ապագա, պողպատյա հեղափոխություն և այլն։ Թող անլրջությունից դանթող գիտունները, որ վխտում են աջ ու ձախ, ինձ չփորձեն բացատրել, թե սա նոր Հայաստանի ընտրությունն է, թե սա՛ է/էր պետք մեր երկրին։ Հակված եմ կարծել, որ այս իշխանությունն այնքան փխրուն և մտացածին է՝ երևակայածին, որ նման է ամեն շաբաթ մի նոր գլուխ գրվող թերթային վեպի՝ ֆենթզիի։ Եթե հիմա մուրճ է թափահարում գլխավոր հերոսը, իբրև բռնության օրերի սկիզբ, ապա հաջորդ սերիայում կհղացվի մի մի դրվագ, որտեղ մի էպիզոդիկ գործող անձ եղանով կպոկի մուրճ թափահարողի առկախը՝ ճիշտ և ճիշտ հունական դիցարանի Կռոնոսի նման…

   Սա ծիծաղելի մի իրավիճակ է, որ աղերսվում է բոլորիս կյանքի հետ։ Այս երկրում այլևս վաղվա օրն անհայտ է՝ մոգոնվող սերիայի նման. անդադար հրահրվում են ինտրիգներ, բողբոջուն հարայհրոցներ՝  պետական, իշխանական խելացնորության ուղղորդմամբ։

   Բոլոր նրանք, ովքեր այս օրերին և, առհասարակ, պնդում են, թե կոռուպցիայի հեռանկարով իշխանությունը մերժելի է՝ ասեմ, որպես առաջ քաշվող մի թեզ. Ավելի լավ է հայրենիք ունենաս, հող ունենաս, պետություն ունենաս, որտեղ կզբաղվես կոռուպցիայով, մարդասպանությամբ, թալանով և այլ ստահակություններով, քան թե հայրենիքը հանձնվի և ոտք դնելու և կոռումպանալու տեղ էլ չմնա…

… Եթերային տենդերում տապակվող հայրենակիցներիս, որոնք բռունցք են թափահարում հականիկոլականների և իշխանական խենթությունը ատողների ստվերների դեմ, ասում եմ, որպես վերջաբան. Աստվածաշունչ կարդալիս՝ երազում էի, որ իմ ապրած տարիներին նման անցքեր տեղի ունենային, բայց ի՜նչ իմանայի, որ ականատես կլինեմ սոսկ «ազատություն, ազատություն Բարաբբային» գոռացող խու՜լ մի ամբոխի։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ