Դատախազությունը պետք է քայլեր ձեռնարկի Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար․ Գեղամ Մանուկյան

40

Դատախազությունը պետք է քայլեր ձեռնարկի Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև այն անմարդկային վերաբերմունքը, որը դրսևորվում է հազարավոր կյանքեր փրկած մարդու նկատմամբ՝ խոսում է մեր երկրում տեղի ունեցող հակատրամաբանական, մարդկային բանականությունից դուրս երևույթների մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, դատախազության դիմաց ի աջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

«Այն բանից հետո, երբ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է՝ փաստաբաններն արագ միջնորդություն-հաղորդագրություն են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն նրա խափանման միջոցը փոխելու պահանջով։ Արդեն մեկ օր է անցել, բայց գլխավոր դատախազության կողմից որևէ արձագանք չկա, և այս պահին այստեղ հավաքված մեր հայրենակիցները կրկնում են այն իրավական պահանջը, որը ներկայացրել են պարոն Չարչյանի փաստաբանները»,-ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով, հազարավոր մարդու կյանքեր փրկած անձին ճաղերի հակառակ կողմ են մտցնում հազարավոր կյանքեր զոհ տված իշխանավորի պահանջով:

Ակցիան ավարտվեց եւ մասնակիցները հեռացան: Այդ ողջ ընթացքում դատախազության մուտքի մոտ ոստիկաններ էին կանգնած շարքով:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

News.am