Արմինե Բոյաջյանի նոր նախաձեռնությունը

569

ԶՐՈՒՅՑ ՍՑԵՆԱՐԻՍՏ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՐՄԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆԻ ՀԵՏ

«Հունիսի 25-ինժամը 20:00-ին, «Ուլիխանյան» ջազզ ակումբում կներկայացնեմ, կմանրամասնեմ կինոսցենարը, որը հուսամ, կդառնա ֆիլմ: Սիրով կսպասեմ»- azgonline.amի հետ զրույցում ասաց արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը անդրադառնալով իր նոր նախաձեռնությանը:
Արմինեն սցենարային հետաքրքիր շարք է սկսում, որոնք, ըստ նրա, առաջիկայում կարող են լուրջ ասելիք ունենալ մեր մշակութային դաշտում.
«Սովորելով ԵԹԿՊԻ «սցենարադրամատուրգիական արվեստ» բաժնում՝ գիտակցաբար ընտրեցի մի մասնագիտություն կամ չմասնագիտություն, որի հետ միշտ հաշտ եմ։ Իրականում անհնար է սահմանազատել ու տարանջատել, թե ի վերջո դա մասնագիտությու՞ն է, թե՞ կենսակերպ, թե՞ երկուսը միասին։ Էս ընթացքում, բնականաբար, շատ բան եմ գրել – խաղարկային եւ վավերագրական, հեռուստատեսային սցենարներ, երկու վիպակ, պիեսներ, պատմվածքներ, էսսեներ, բայց դրանցից շատ քիչ բան է հրապարակված, առավել եւս’ հրատարակված. ես լուրջ եմ վերաբերվում իմ գործին եւ ամեն գրած չի, որ ուզում եմ կարդան, ամեն գրած չի, որ կարդալու բան է, նորմալ պրոցես է, կարծում եմ։ Այս փուլում որոշել եմ «դարակից հանել» մի քանի սցենար եւ պիես, հերթով կփորձեմ դրանց ռեալիզացման համար ճանապարհ կառուցել։ Էդ շարքում կան կենսագրական հեռուստանովելների սցենարներ (ոչ երկար), որոնք հատուկ գրել եմ խիստ գեղարվեստականացված, իրական պատմությունից վերցրել եմ միայն պերսոնաժը:
Հիմնականում ընտրել եմ այնպիսի կերպարներ, որոնք էնքան լի են ու շատ բովանդակությամբ, որ կարող են ներկայանալ որպես ընդհանրական տեսակ։ Ուստի, դոկումնետալ չեմ համարում այն, ինչ արել եմ։
Առաջին սցենարը, որ ուզում եմ ներկայացնել, Էլվինա Մակարյանի կերպարի մասին է։ Կրկնում եմ, Էլվինայի պատմությունից ես թողել եմ միայն ու միայն բնավորությունը, մնացած ամեն ինչ գեղարվեստականացված է եւ շատ հեռու է նրա կյանքի վավերագրումից։ Իմ նպատակը մարդկանց անձնական տիրույթ մտնելը չէ, իմ նպատակը ուժեղ, համարձակ ու այլախոհ հերոս ստեղծելն է, որի մեջ դիտողը կգտնի իրեն եւ իր ցանկությունները։ Սա հոսանքին հակառակ գնացող արվեստագետ կնոջ մասին պատմություն է»- փակագծերը մի փոքր բացում է սցենաիստն ու բոլորին հունիսի 25-ին սպասում` մանրամասն զրուցելու և ներկայացնելու նախաձեռնությունը:

Պատրաստեց` Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ