Փոխել Սահմանադրությունը. մեր երկիրն ավելի լավ հասկանում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը. Արմեն Սարգսյան

47

Պետք է հասնել բարեփոխումների՝ փոխելով Սահմանադրությունը. մեր շատ խնդիրներ կապված են ոչ ճիշտ սահմանադրության հետ: Այս մասին Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«2015 թվականին բարեփոխված սահմանադրությամբ երկիրը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է պատասխանատվություն կրել: Գործող Սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի: Երբ չկա խորհրդարանական ինստիտուտների մշակույթը, իսկ մեզ մոտ այն չկա, դա չի կարող արդյունավետ աշխատել»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություն պետք է լինի, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանը եղել է Ռուսական կայսրության, այնուհետև Խորհրդային Միության մաս: Հետո մենք դարձանք նախագահական հանրապետություն: Կա նախագահի ինստիտուտի մշակույթը: Բացի այդ, մենք քրիստոնյաներ ենք, մենք միշտ ուզում ենք ունենալ փրկիչ: Սա դրսևորվում է նաև քաղաքական գործիչների նկատմամբ մեր վերաբերմունքում: Մենք ասում ենք. «Եկեք և փրկեք մեզ, տվեք լավագույն խոստումները, մենք կհավատանք ձեզ՝ անգամ գիտակցելով, որ դրանք չեք իրականացնելու»:

Կուլտուրայի տեսանկյունից երկիրն ավելի լավ հասկանում է ուղղահայաց՝ նախագահական իշխանությունը, քան խորհրդարանականը: Եվրոպական ինստիտուտները մեզ հորդորում էին զարգացնել խորհրդարանական ժողովրդավարությունը, սակայն իրականում մարդկանց մեծամասնությունը դա չի հասկանում: Սա լինելու է առաջիկա տարիների իմ առաքելությունը:

Սակայն անգամ նախագահական համակարգի պարագայում մենք պետք է այն հավասարակշռենք ուժեղ խորհրդարանով, ինչը հիմա չենք անում: Մեր խորհրդարանը ներկայացուցչական չէ: Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որի անդամները կներկայացնեն կոնկրետ մարդկանց, կոնկրետ վայրեր, կոնկրետ քաղաքներ: Իսկ դրանից հետո պետք է լուծել մյուս առանցքային հարցը՝ ինչպես աշխատել մեր Սփյուռքի հետ»:

News.am