Ցավալի է, որ պոպուլիստը հաղթում է ընտրություններում, ոչ թե ռազմաճակատում

253

   Հետևելով մեդիաառվակի ընթացքին՝ կարելի է խենթանալ միայն։ Բոլորը շնորհավորում են աջ ու ձախ՝ ժողովրդի տարած հաղթանակի համար։ Կարծես՝ ՔՊ-ին ընտրողը ժողովուրդ չէ, կարծես այս Ներոնին ով չի հավանում՝ հայ չէ։ Կամ այդ ի՞նչ բնորոշում է. «ժողովրդի հաղթանակ», որ հնչեցնում են իմքայլական կրիտիկոսները, որպես թե ի բնէ գործողություն է իրենց հաղթելը, ինչպես մարտից հետո ապրիլն է գալիս… Մի երկու վատ շարվածքով պատի ճեղքերից դուրս ընկածներ, որ ավարտելով իրենց արտիստ արքայի դպրոցը դառնում են իբրև թե հռետորներ, գոռում են ամբիոններից, թե ճշմարտությունը հաղթեց, թե իրենց հայրը հիմա պողպատե մուրճ-մանդատով փշրի պիտի ընդդեմներին։ Իսկ հայր արքան փաղաքշելով սրանց, ասում է՝ մենք ներողամիտ կլինենք և էլ  հասարակությանը շերտերի չենք բաժանի, ընդդիմության ձայնն էլ մեկ-մեկ կլսենք և այլն։

   Ինչու՞ էր պետք ժամանակին բաժանել, պառակտել հասարակությանը աջերի և ձախերի, վերևների և ներքևների, հյուսիսների և հարավների, թողնում եմ անմիտների դատողությանը, և թե ինչ է նշանակում «հաղթեց ժողովուրդը», կրկին թողնում եմ անխելք դեկրատացվողների խորագիտության հույսին։ Պիտանի են միայն ՔՊ ընտրողները, որոնք հաղթում են…

    Ցավալի է, որ պոպուլիստը հաղթում է միայն ճղճղան ընտրություններում, այլ ոչ թե ռազմաճակատում, բայց կան կուրացած տենչացողներ, որ մղվում են դեպի նա։ Նույնիսկ սահմանամերձ գյուղերից կան անտեղյակ, անտրամաբան մարդիկ, ովքեր վերահաս եղերը չընկալելով մեկնվում են դեպի անկարողը։ 

   Իսկ ընտրությունների մասով էլ կասեմ միայն, որ սա այն երանելի անաղարտ ընտրությունները չէին, քանզի տեղ-տեղ անճշտություններ եղան, որոնց պատասխանը դժվար է տալ, ինչպես դժվար է տալ համաշխարհային կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանի ներկայությունը այս իշխանության «հեքիաթ» – ում։ Ով չգիտի, ասեմ՝ Մուկուչյանը սեփական ոճն ու գույներն ունի, որով առանձնանում է մյուս նկարիչներից՝ Սարյանից, Այվազովսկուց, Բաշինջաղյանից, Մինասից, Գառզուից, Զուլումից և ուրիշներից…

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ