Խորվաթիայի հավաքականը վստահորեն հաղթում է Շոտլանդիային և դուրս գալիս փլեյ-օֆֆ

26

footballam.com

Եվրո-2020-ի C խմբի վերջին՝ 3-րդ տուրում մրցեցին Խորվաթիայի և Շոտլանդիայի հավաքականները։ Խորվաթներն առավելության հասան 3։1 հաշվով։

Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով. 17-րդ րոպեին հաշիվը բացեց խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, իսկ 42-րդ րոպեին պատասխան գոլը խփեց շոտլանդացի Կալում Մակգրեգորը։

62-րդ րոպեին Զլատկո Դալիչի թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ. գնդակը պտտեցրած հարվածով Դևիդ Մարշալի պաշտպանած դարպասն ուղարկեց Լուկա Մոդրիչը՝ հաշիվը դարձնելով 2։1։

77-րդ րոպեին Մոդրիչը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ Նրա`անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով հանդիպման վերջակետը դրեց Իվան Պերիշիչը։

Այս հաղթանակից հետո Խորվաթիայի հավաքականը վաստակեց 4 միավոր և խփած գոլերի քանակով շրջանցեց նույնքան միավոր հավաքած Չեխիայի ընտրանուց՝ երկրորդ տեղով դուրս գալով փլեյ-օֆֆ։