ԸԵՄՄ-ն Արցախի անկախության ճանաչման բանաձևով կարող է 106 երկրների կառավարությունների հետ աշխատել․ Սարինե Աբրահամյան

57

Երբ պատերազմը սկսվեց, մենք անմիջապես կապ հաստատեցինք Ընկերվար երիտասարդների միջազգային միության՝ IUSY-ի նախագահության հետ, որ պետք է հայտարարություն և դիրքորոշում ընդունի, քանի որ Արցախը հարձակման է ենթարկվել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԸԵՄՄ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը՝ պատմելով Ընկերվար երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ, IUSY) կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձի մասին։

ԸԵՄՄ-ն միջազգային միություն է, որը 106 երկրներում ունի ավելի քան 150 երիտասարդական կազմակերպություններ։ Սարինե Աբրահամյանն ասաց՝ միությունը, որդեգրելով Արցախի անկախության մասին այս բանաձևը, ցույց է տալիս, որ բոլոր 150 կազմակերպություններն էլ ընդունում են այդ դիրքորոշումը և տարբեր հարթակներում, որտեղ Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը ներկայացված է, կարող են այս հարցը բարձրացնել։

«Երբ պատերազմը սկսվեց, մենք բավական լավ հարաբերություններ ունենք թե՛ մեր տարածաշրջանային կազմակերպությունների հետ, որոնք անդամակցում են միությանը, թե՛ ընդհանուր Եվրոպայում կազմակերպությունների, նախագահության ներկայացուցիչների հետ։  Այդ ժամանակվանից արդեն մենք սկսել ենք բարձրաձայնել պատերազմի բոլոր ցավալի հետևանքների մասին։ 2017 թ-ին մենք Արցախում կազմակերպեցին ուսումնական այց։ Այդպիսի քայլերով ժամանակի ընթացքում փորձել ենք Արցախի խնդիրը լսելի և ճանաչելի դարձնել»,-ասաց Սարինե Աբրահամյանը։

Նա նշեց, որ մինչև բանաձևի ընդունումը միության անդամները շատ քիչ տեղեկություն ունեին Արցախի մասին։ Ճանաչողական այցը, որին մասնակցեցին 25 երիտասարդ քաղաքական գործիչներ, իրենց տեղեկատվական աշխատանքը քայլ առ քայլ տվեցին իրենց արդյունքը։

«Երբ եղավ պատերազմը, մենք անընդհատ բարձրացրինք հարցը, անընդհատ կապի մեջ էինք մեր գործընկերների հետ, և իրենց թե՛ տեղեկություն էինք փոխանցում, թե՛ փորձում էինք համոզեով, կոչ անելով, որ անպայման այս հարցերը բարձրացնեն՝ ինչ է տեղի ունենում Արցախում, ինչ պատերազմի մասին է խոսքը, ինչպիսի հարձակումներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից»,-ասաց նա։

Դրանից հետո, երբ արդեն պիտի տեղի ունենար ԸԵՄՄ բարձրագույն ժողովը, իրենք արդեն պատրաստել էին բանաձև և սկսել դերակատար բոլոր դեմքերի հետ կապի մեջ մտնել, որ անպայման բանաձևն իր տեքստի բոլոր խիստ շեշտադրումներով որդեգրվի՝ հակազդեցություն չլինի։

«Երկու տարին մեկ Միության բարձրագույն ժողովին առիթ է տրվում, որ բոլոր կազմակերպությունները ներկայացնեն բանաձև այն խնդիրների մասին, որոնք իրենց հուզում են։ Այս բանաձևում միջազգայնորեն կոչ է արվում, որ ճանաչեն Արցախը, կարող է տարբեր կազմակերպություններին նամակ ուղարկվեն, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ ՄԽ-ին և տարբեր կազմակերպությունների կոչ անեն, որ այս ուղղությամբ՝ դեպի ճանաչում, աշխատանք տարվի։ Բոլոր կազմակերպությունները, ովքեր անդամակցում են, իրենց երկրներում ունեն մայր կուսակցություններ, որոնք ղեկավարում են երկրներ, կառավարության անդամներ են․ այս կազմակերպությունները բանաձևի միջոցով կարող են աշխատանք տանել իրենց երկրներում, իրենց մայր կուսակցությունների հետ, որ այս ուղղությամբ աշխատանք տարվի, որ կարողանանք կառավարություններին կոչ անել, որ իրենց դիրքորոշումը հայտնեն և ճանաչեն Արցախի անկախ Հանրապետությունը»,-ասաց Սարինե Աբրահամյանը։

Բանաձևում նաև նշված է, որ դատապարտվում է Թուրքիայի կողմից ռազմական օգնությունը, վարձկանների տեղափոխումը դեպի Ադրբեջան, դատապարտվում է Թուրքիայի կեցվածքը, որը բացարձակ չի նպաստում որևէ խաղաղ հանգուցալուծման։

«Այն մտքով է ներկայացված, որ Թուրքիան փորձում է ուժերի փոփոխություն ստեղծել և իր միջամտությամբ հիմնախնդիրը ավելի սրել, լարել․ այդպիսով, բանաձևում խոսվում է Թուրքիայի դերը դատապարտելու մասին»,-ասաց Սարինե Աբրահամյանը։

Արցախի հարցի կարգավորումը նա պատկերացնում է Արցախի հարցի միջազգային ճանաչմամբ։

«Վերջին զարգացումները ապացուցեցին, որ միայն ճանաչումով մենք կարող ենք ապահովել արցախցու ազատ ապրելու իրավունքը։ Այսօր մենք հույս ունենք, որ այդ հարցը ունենա խաղաղ և երկարաժամկետ լուծում»,-ասաց նա։

Ի՞նչ սահմաններում պետք է ճանաչվի Արցախի Հանրապետությունը՝ բանաձևը չի հստակեցնում, դա այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի սահմանների հարցը, պարզապես, պետք է ճանաչել, որ Արցախում ապրող հայ մարդու կյանքը վտանգված չլինի, ապահով լինի։

ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը օրերս է ընտրվել ԸԵՄՄ-ի փոխնախագահ։ Ասում է՝ հերթափոխությամբ չէ, ակտիվ աշխատանքի արդյունք է, կարևորվում է նաև տարածաշրջանային ներկայությունը։ Միությունը դաշնակցական փոխնախագահ ունեցել է մեկ էլ 2016-18 թվականներին։

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը ստեղծվել է 1907 թ-ին՝ ունի մեկ դարից ավելի պատմություն և խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ում՝ որպես ոչ կառավարական կազմակերպություն։

«Մենք այդտեղ կարող ենք թե՛ ստեղծել կապեր այլ երիտասարդ քաղաքական գործիչների հետ, և թե՛ կարող ենք մեր հայկական խնդիրները բարձրացնել, նաև մեզ բոլորիս հուզող խնդիրները՝ մարդկային իրավունքներ, սոցիալական արդարություն, համաշխարհային համերաշխություն, արժեքներ, կարող ենք տարբեր համաշխարհային խնդիրների քաղաքական լուծումներ տալ»,-ասաց Սարինե Աբրահամյանը։

ԸԵՄՄ-ն անկախ միջազգային երիտասարդական կազմակերպություն է։

Աննա Բալյան