Լավագույն փոքրամասնության մեջ (իռացիոնալ)

399

Բայց ի՞նչն էր անսպասելի։ Շատ  էլ կանխատեսելի էր։  

Մեր իրականության բոլոր ասպեկտները տառացիորեն կրկնվում են 25   եւ ավելի տարիներ։ 25  տարի նույն վանդակում ենք ապրում, որտեղ նույն բարքերն են, նույն օրենքները։ Այսպես է, որովհետեւ մարդկանց մտածողությունը չի փոխվում։ 14 տարի Հ1 չէի բացել, երեկ գիշերը փորձեցի, նույն աղբն է, մնացել են նույն ժանգոտ նոտայի վրա, բացարձակ նույնն է, նույն նեխած սովետական բովանդակության մեջ․ ձեւը փոխել են ՝ հաղորդավար – հաղորդավարուհիների հագ ու կապը, սանրվածքը, մնացածը՝ հին, շտամպային։  

Հուսահատվե՞լ կամ թե՞ տխրել ենք՝ որ մեր ձայները չե՞ն մտնելու ստախոսների, երեսպաշտների, աճպարարների, գրպանահատների՝ Բաղրամյանի վրայի ատելի դարձած այդ շենք։ Ի՞նչ է՝ չգիտենք, որ լավը միշտ սահմանային է, չգիտե՞նք, որ արդար, ազնիվ, նվիրյալ, ճշմարիտ հասկացություններն  այս զոնայում ոչ ցանկալի են ճանաչված վաղուց։ 

 Փոքր խմբեր կազմեք, ներքեւից ուժեղացրեց ճնշումը՝ նոր, առաջադեմ մտքերի, բարոյական արժեքների ճնշումով․ զտումը կատարեք  բացարձակ խստությամբ, թող լինեն քիչ, բայց որակով։  

(Ինձ համար հրաշալի է, որ ես արժանավոր  փոքրամասնության մեջ եմ)։  

Նկարե՞լ են թվեր․ ես այդպես չեմ կարծում․ այս պատկերը նախամտածված, նախագծված էր՝ դրսի աշխարհին թոզ փչոցի էր  ժողովրդավարության սուտի դրոշ ցույց տալու։ Իբր ընտրություններ  են անց կացվել և ամենակարևորը, որ ժողովրդի մեծամասնությունը  հավանություն է տվել իշխանության վարած նախընթաց քաղաքականությանը և  վստահության նոր քվե է տալիս։  

Ու պատկերը արդեն կար, շրջանակն էր պակասում. ֆարսը, կեղծիքը, ժողովրդավարության իմիտացիան (գումար էր պետք մսխել ապուշ պլակատ- մլակատի վրա, հեռուստատեսային շոու – մոուի վրա)։  

Անբովանդակ, դատարկ իրականություն։ Բայց այս ամենն  արեցին, որովհետև ձեռքի տակ ունեին համապատասխան մատերիալ, նյութ՝ այսպիսի մի ժողովուրդ, հասարակություն  (գիտա- միտական սահմանումների մեջ չընկնեք, իրականությունը սա է՝ մարդկանց խմբեր են)՝ անգաղափար, աներազանք կռապաշտներ՝ նյութի ու փողի առաջ խոնարհված։ Ու դեռ քրիստոնեություն եք քննարկում- քննադատում, թե զրկեց ուժի, պայքարի ոգուց։ Ինչ պայքար, երբ այս խմբերի միջից արտաքսված է սերն ու խիղճը, արդար դատելու ունակությունը, սուտ աստվածների են պաշտում, ի՞նչ կապ ունեն քրիստոնեության հետ, առհասարակ հոգեւոր խոսքի, ուսմունքների հետ, որոնք մարդկային աշխարհ բերվել են միմիայն մեկ նպատակով՝ բարոյակարգելու, սանձելու մարդու մեջ անասնականը։  

Դե իհարկե՝ շատ «չքնաղ» ժողովուրդ ունենք ու չքնաղ արդյունքներ է ցույց տալիս։ Չքնաղը չքնաղ երկիր ու պետություն է կառուցում, եւ ոչ՝ նման ողորմելի փլատակ․ գոնե մի համայնք այդպիսին ձեւավորեր։  

Չէ, չեն նկարում, ժողովրդի մենթալիտետը իմանալով՝ օտարներն իրենց գործն անում են, գիտեն, որ ամեն տեսակի մոլախոտային միտք ամենաանպիտան հողում է աճում։ Այն հինգերորդ շարասյուն կոչվածն էլ նույն սանրի կտորն է, ժողովրդի մի մասնիկը, զուր չէ, որ ինքը ժողովուրդն է ասում՝ ում էլ տանեն վերեւ, նույնն է անելու․ ասել է թե՝ գռփելու, մատնելու, ծախելու է։ Այ այսպես է դատում ժողովուրդը,  շատ տարածված մտայնություն է անմշակ ուղեղների։ Բայց սա նաեւ լավ կողմ ունի՝ ցորենը զատվում է որոմից։ Միշտ  ոսկին քիչ է, ճրագ վառողները քիչ են։ Սակայն  անգամ խավար տարածողներն ու խավարի սիրահարները առանց լույսի գոյատեւել չեն կարող, սրանց էլ է  դոնոր հարկավոր։ Անգամ սրանք գիտեն, որ առանց սյան, ասաց լույսի տանիքը փուլ է գալու։  

Ահա եւ  «չքնաղ» ժողովուրդ․ վայրենու պես գոռգոռացող, անեծքաբան, որ անիմաստ ծափ է տալիս ու հիմարաբար փրկություն հայցում իրեն թալանողից, կեղեքողից, խաբողից,  երկիրը քառատողից, արնաքամ անողից, Հայրենիքի սահմանները օրեօր պակսեցնողից։ Գինու տոնին հարբում ու փողոցներում  ցատկռտում է, հռհռում։ Իսկ հարեւան մի  բնակարանում մի սեւազգեստ մայր տեղ է փնտրում աչքերը թաքցնելու․ գինովցած ամբոխը ոչինչ չի զգում, նա չի զգում վերեւից իր վրա իջնող արցունքի ծանրությունը…  

Շիկ հագած- կապած աղջկերք ու տղերք՝ մտքերն օսլայած, սրտերը պողպատե կապանքի տակ դրած, էկրաններից սերտած բառեր են արագ- արագ արտաբերում, փայլուն փաթեթավորած, հղկված մաներաներով, լավ-լավ տողեր են գրում, իբր ազգի դարդ ու ցավով են տառապում, բայց չեն մոռանում ժամը մեկ պլպլան հագուստներով, երջանիկ, լայն ժպիտներով իրենց լուսանկարները ցուցադրել։ Ես գիտեմ, որ լուրջ մտահոգություն ունեցողը նման վարք չի ցուցաբերում։ Ես գիտեմ, որ վիշտ, ցավ, ողբերգություն տեսած մարդը կամ ժողովուրդը զուսպ է լինում իր ցանկությունների, զգացմունքների մեջ, ցինիկն է այդպես վարվում, բարոյական արժեքներ չիմացողը, մի խոսքով կեղծը, փարիսեցին։ Ուրեմն` մի ցինիկ, առանցքը կորցրած, կյանքից դաս չառնող, թեթեւաբարո մարդկանց հավաքածո է սա։  

Մտավորականները․․․ Նրանք էլ այս նույնի մի մասնիկն են, սուտ կոչում պարգեւների եք նայում․ այս երկրում ամենաարժանավորին ոչ միայն չեն գնահատում, այլեւ անտեսում են, ուղղակի փակում են նրան։ Նրանք էլ, որ մատների վրա հաշվելիք են, խաղից դուրս, մեկուսի իրենց գործն են անում, չեն խառնվում ոհմակային մտածողությանը ու լավ են անում, իրենց գործը Ժամանակի համար են անում։  

Ու լավ կլինի՝ էլ դադարեք  մեջբերել Խորենացու ու Թումանյանի՝ ժողովրդին, մարդկանց այս խմբերին շատ տեղին բնութագրող տողերը, որովհետև 5- րդ դարում նույնն էին,  19-րդ դարում նույնն էին, 20-21 – ում նույնն են։ Սա են, համակերպվենք։  

Իսկ գոյատեւել ենք, որովհետեւ Աստծո կամոք այս քիչը’ մեկ ու կես, երկու տոկոսը միշտ եղել է։ Գոյատեւել ենք արժանավոր փոքրամասնության հաշվին, նրանց գոյության շնորհիվ, նրանց ուսերին ելած, նրանց ուսերին  ծանրացած։  

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ