Հիմնական կեղծիքներն իրականացվել են տեղամասից դուրս, հակառակորդներին ուղղակիորեն զրկել են ընտրական իրավունքի իրացումից. Նարեկ Սամսոնյան.Tert.am

35

Այս ընտրությունների ընթացքում կիրառվել են ակնհայտ կեղծիքներ, ոստիկաններին ուղարկել են հակառակորդների շտաբներ, որպեսզի բերման ենթարկեն մարդկանց: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նարեկ Սամսոնյանը:

«Նրանք չեն մտածում, որ այսօր կան, իսկ վաղը չեն լինի կամ հակառակը և իրենք թքած ունեն ոստիկանների վրա, իրենք կատարում են հրամանները և իրենք էլ պատասխանատվության են ենթարկվելու: Ցածրակարգ կեղծիքներ են օգտագործվում, բայց մասշտաբը մեծ, օրինակ՝ վստահված անձի ծեծի էին ենթարկել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նա նաև նշեց, որ մարդիկ ուղղակիորեն հայտնվել են ոստիկանական տեղամասերում, ԱԱԾ-ներում, քննչական կոմիտեներում:

«Հիմնական կեղծիքներն իրականացվել են տեղամասից դուրս և հակառակորդներին ուղղակիորեն զրկել են ընտրական իրավունքի իրացումից, այսինքն՝ պասիվ և ակտիվ ձևերով են կիրառվել և սա էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա, եթե անգամ այսքանից հետո իշխող կուսակցությունն իր ուզած թվերը չհավաքի, ապա դուք պատկերացրեք, թե ինչ էր լինելու, եթե սա չլիներ»,- նշեց նա: