ԱՄՆ-ը մերձավորարևելյան որոշ երկրներից դուրս կբերի իր զորքերի և զենքի մի մասը. WSJ

67

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է դուրս բերել ամերիկյան ուժերի և զենքի մի մասը Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:

Ըստ թերթի աղբյուրների, Միացյալ Նահանգները կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մոտավորապես ութ մարտկոց, մասնավորապես, Իրաքից, Քուվեյթից, Հորդանանից և Սաուդյան Արաբիայից: Բացի դրանից, Սաուդյան Արաբիայից հետ կանչվի THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային պաշտպանության համակարգը: Ռազմական ինքնաթիռների մի մասը և այդ զենքերի հետ աշխատող հարյուրավոր ամերիկացի զինվորականներ նույնպես կտեղափոխվեն տարածաշրջանից:

Ինչպես պարզաբանել են աղբյուրները, Բայդենի վարչակազմը կտրուկ կրճատում է ԱՄՆ հակահրթիռային համակարգերի քանակը Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանում ռազմական ներկայության լուրջ վերակողմնորոշման շրջանակներում, քանի որ ԱՄՆ-ն ուժերն այժմ ուղղում է դեպի Չինաստանի և Ռուսաստանի մարտահրավերները: Տեղափոխումն արդեն սկսվել է ավելի վաղ այս ամիս: