Թուրքիան ամրապնդում է ազդեցությունը Հարավային Կովկասում

57

Երկօրյա այցով Ադրբեջան այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո հայազուրկ Շուշի այցելած օտարերկրյա առաջին ղեկավարն է, եւՙ Թուրքիայի պատմության մեջ էլ պետության առաջին ղեկավարը, հունիսի 15-ին Ալիեւի հետ 2 երկրների հարաբերությունների սերտացման եւ խորացման պայմանագիր ստորագրելով, խորհրդանշական ազդակ հղեց տարածաշրջանի համար պայքար մղող ուժերին: Թուրքիան ամրապնդում է իր ազդեցության լծակները Հարավային Կովկասում, կարծիք են հայտնում գերմանալեզու ԶԼՄ-ները:

«Եվրոնյուզ»-ի գերմանական ծառայությունն ընդգծում է, թե Թուրքիան առաջիկայում Շուշիում կբացի առաջին հյուպատոսությունը, իսկ գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙARD-ի մեկնաբանն ընդգծում է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Մամադովի խոսքըՙ կիրակի օրը հայաստանյան ընտրություններին ընդառաջ, սա դրացի երկրին ուղղված հստակ ազդակ է: