Դե Բրույնեի հիանալի խաղը կամային հաղթանակ պարգևեց Բելգիային

60

footballam.com

Եվրո-2020-ի B խմբի 2-րդ տուրում կայացավ Դանիա – Բելգիա հանդիպումը։ Կոպենհագենում ընթացած խաղում բելգիացները հաղթեցին 2։1 հաշվով։

Խաղասկզբում հաշիվը բացել են Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները. արդեն 2-րդ րոպեին Յուսուֆ Պոուլսենը գոլի հեղինակ դարձավ։ 

Հանդիպման 10-րդ րոպեին խաղը խորհրդանշական կերպով դադարեցվեց՝ ի աջակցություն Քրիստիան Էրիկսենի։

Հարկ է ընդգծել, որ առաջին խաղակեսում դանիացիները փայլուն խաղ ցուցադրեցին և մոտ էին 2-րդ գոլը խփելուն։

Բելգիայի հավաքականը երկրորդ խաղակեսում կերպարանափոխվեց։ Դե Բրույնեի և Ազարի՝ փոխարինման մտնելուց հետո բելգիացները մեծ ճնշում գործադրեցին մրցակցի դարպասին։

55-րդ րոպեին Դե Բրույնեի փոխանցումից հետո Տորգան Ազարը մոտ տարածությունից գոլի հեղինակ դարձավ՝ հավասարեցնելով հաշիվը։ Իսկ 71-րդ րոպեին Էդեն Ազարի փոխանցումից հետո Դե Բրույնեն հաշվենկատ հարվածով գոլ խփեց՝ հաղթանակ պարգևելով իր հավաքականին։

Այսպիսով, Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Բելգիայի հավաքականը 2 խաղից հետո վաստակած 6 միավորով գլխավորում է աղյուսակը, Դանիան 0 միավորով եզրափակում է խումբը։