Մտավորականները մերժել են իշխանությանը. մեղավորը Արայիկ Հարությունյանն է․ «Ժողովուրդ»

126

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին քննարկել է նաեւ այն հարցը, որ պետք է ամեն ինչ անել կրթական համակարգի կարկառուն ներկայացուցիչներին եւ մտավորականներին համոզել իրենց ընտրելու համար: Բանն այն է, որ իշխանությունը շատ լավ տեղյակ է, որ համալսարանների դասախոսական անձնակազմը, գիտական, կրթական համակարգը իրենց դեմ է, ու իրենք շանսեր չունեն այդ հատվածից ձայներ հավաքելու համար:

Մտավորականների մեծ մասն էլ կտրականապես մերժել են իշխանության հետ որեւէ հաշտության եզրեր գտնել, նրանց կողքին լինել կամ ընդհանրապես ձայն տալ նրանց թիմին: Ու այս ամենը շատ լավ գիտակցելով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում փորձում են նրանց հետ փակ հանդիպումներ, քննարկումներ ունենալ, համոզել իրենց կողքին լինել:

Ի դեպ, դպրոցներում, տարբեր քոլեջներում եւս իշխանությունները խնդիրներ ունեն անձնակազմների հետ, նրանք եւս դեմ են արտահայտվում իշխանություններին:

Թիմում քննարկվել է նաեւ, որ կրթական համակարգում համերաշխություն չունենալու, իշխանությանը չվստահելու թիվ մեկ պատասխանատուն ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է, որը բոլորի հետ սրել է հարաբերությունները ու այդ համակարգը դարձրել է այլեւս անկառավարելի: Դժգոհության մեծ մասն էլ բաժին է հասնում փոխնախարար Ժաննա Անդրեասյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում