Հայոց ցեղասպանությունը Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում

83

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Խորհրդային Միության փլուզումից հետո, խորհրդային մյուս հանրապետությունների նման Հայաստանը եւս հռչակեց իր անկախությունը:

Նորանկախ պետության սկզբնական շրջանում Հայաստանի լրագրողները մի խորհրդաժողով կազմակերպեցին, որին հրավիրված էի նաեւ ես: Գուցե դա առաջին հավաքն էր, որտեղ Հայաստանի եւ Սփյուռքի լրագրողները հնարավորություն ստացան ազատորեն արտահայտելու իրենց գաղափարները: Հայաստանցի իմ գործընկերները տեղատարափ հարցեր էին ուղղում ինձ, մինչեւ որ կանգնեցրի նրանց եւ դերերը փոխելով մի հարց ուղղեցի: Հարցրեցի, թե որքան կարեւոր էին համարում Հայոց ցեղասպանության եւ պատմական հայրենիքի պահանջատիրության հարցերը եւ ցնցվեցի տեսնելով, որ ներկա լրագրողների միայն հիսուն տոկոսն էր կարեւոր համարում այդ հարցերը: Պատասխանեցի, որ եթե դա հանրային կարծիքի ճշգրիտ պատկերացումն էր, ուրեմն լավ ապագա չէր խոստանում մեզ: Եթե մեր ժառանգության հանդեպ մեր պարտավորվածությունը միայն հիսուն տոկոս էր, ապա մեր նորանկախ պետությունը չէր կարող 50 տոկոսի այդ նշաձողից ավելի երկար գոյություն ունենալ:

Ընդհանրապես մեղքը բարդվում էր խորհրդային համակարգի վրա, որը թույլ չէր տալիս հայ պատմաբաններին կենտրոնանալ Հայոց ցեղասպանության հարցի վրա: Միայն Ջոն Կիրակոսյանի եւ Լենդրուշ Խուրշուդյանի նման խիզախներն էին համարձակվել այս թեմայով զբաղվել, բայց նրանք էլ ստիպված էին գործել մարքսիստական գաղափարախոսության «զսպաշապիկի» ներքո: Անցած 30 տարիներին, սակայն, պարզվեց, որ անկախ համակարգի ներքո էլ հետաքրքրվածությունն այդ հարցերի վերաբերյալ բացակայում է պարզապես: Հայաստանը, դժբախտաբար, չկարողացավ ստեղծել ցեղասպանագիտության իր դպրոցը եւ նույնիսկ Ծիծեռնակաբերդի համալիրը դարձել է կռվախնձոր գիտնականների շրջանումՙ շփոթմունք առաջացնելով Հայաստանի ակադեմիական հասարակության մոտ: Հայոց ցեղասպանության ամենավստահելի ուսումնասիրությունները ընդհանրապես կատարվել են սփյուռքում, մեծ մասը ոչ հայ, օտար գիտնականների կողմից, ինչպիսիք են Թաներ Աքչամը, Հալիլ Բերկթայը, Իսրայել Չառնին եւ Յաիր Աուրոնը: Պատճառը հավանաբար այն է, որ Հայաստանում հավատացած էին, թե միայն սփյուռքահայության համար «սենտիմենտալության» հարց է Ցեղասպանությունը:

Ի հակադրություն, հրեաները Հոլոքոսթի հսկայական քանակության ուսումնասիրություններ են հրատարակել եւ աշխարհի տարբեր մասերում բազմաթիվ թանգարաններ հիմնել: Նրանք ամբողջ աշխարհին են պատասխանատու համարում լուռ մնալու համար եւ փոխհատուցում են ստացել ոչ միայն Գերմանիայից, այլեւ խորհրդային իշխանությունից ազատված երկրներից:

Դժբախտաբար մենքՙ հայերս չենք կարողացել կապիտալի վերածել մեր անցյալի ողբերգությունը, որպեսզի ներկայիս այն հասներ մեր օգնությանը: Հայաստանի կառավարությունը շատ ուշ գիտակցեց, որ համայնական տարողության հիմնավոր այդ փաստարկը կարելի է օգտագործել որպես քաղաքական հաղթաթուղթ: Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Ցեղասպանության ճանաչումը ներառվեց Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եւ քննդատության արժանացավ իր նախորդիՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, որպես Թուրքիային անտեղի վրդովեցնելու քայլի: Մենք տեսել ենք նաեւ մի տեսահոլովակ, որտեղ հեռախոսային մի զրույցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը այդ ժամանակվա փոխնախագահ Բայդենին ասում է, թե այդ (Ցեղասպանության) հարցը առաջնային նշանակություն չունի Հայաստանի համար: Հայաստանը, այսպիսով պարզվում է, որ դասեր չի քաղել:

Մենք ականատես ենք նաեւ այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանի ներկա վարչակազմը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից: Ինքն ու իր ամբողջ թիմը միահամուռ կերպով մերժեցին Թուրքիային դասել որպես թշնամի երկրիՙ հանրային հարցումների ժամանակ:

Հայաստանը հանքային պաշարներով հարուստ երկիր չէ: Չունի ռազմական համապատասխան կարողություն կամ քաղաքական պատշաճ հեղինակություն: Բայց նա նաեւ չի սովորել օգտագործել Ցեղասպանության բարոյական, իրավական եւ պատմական ուժի նշանակությունը, որը կարելի էր օգտագործել որպես մահակՙ Թուրքիայի դեմ: Նախագահ Էրդողանը շատ ավելի լավ է գիտակցում այդ ծանրակշիռ հարցի քաղաքական ուժի ներգործությունը: Տեսել ենք, թե ինչպես է նա ներդրումներ կատարում կեղծ գիտական աշխատություններ հրատարակելու, զանգվածային լրատվամիջոցներում եւ քաղաքական ոլորտներում արշավներ կազմակերպելու համար: Գիտենք նաեւ, թե որքան ջանք գործադրեց նա Բայդենին հետ պահելու իր որոշումից, որը տրամաբանական ավարտին հասցրեց Մ. Նահանգների կոնգրեսի ավելի վաղ ընդունած օրենսդրական ակտը:

Այժմ, հաշվի առնելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հունիսի 14-ին կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը, Ցեղասպանության հարցը շատ ավելի մեծ նշանակություն է ստանում եւ ամենայն հավանականությամբ ներառվելու է այդ հանդիպման օրակարգում:

Էրդողանը բոլորից լավ է գիտակցում գերհզոր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական եւ քաղաքական հետեւանքները: Լրագրող Մեթին Գուրջանը «ԱլՄոնիտորի» կայքում հրատարակված իր հոդվածում անդրադառնում է այդ հանդիպմանը, մատնանշելով ամերիկաթուրքական հարաբերությունների վատացման պատճառները:

Նա գրում է, որ «հունիսի 1-ին կայացած հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Էրդողանը ընդունել է, որ Բայդենի հետ իր երկխոսությունները ցարդ «հեշտ չեն եղել» եւ բոլորովին նման չեն Թրամփի հետ իր «շատ հանգիստ ու խաղաղ» հեռախոսազրույցներին: Անդրադառնալով նախկին նախագահներիցՙ Բուշի եւ Օբամայի վարչակարգերին, նա նշել է, որ «երբեք այդքան լարվածություն չի զգացել» Սպիտակ տան հետ իր հարաբերություններում, մեղքը բարդելով Բայդենի վրա, որ Օսմանյան շրջանի կոտորածները ցեղասպանություն է որակել»:

Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի ամերիկյան վարչակարգի հետ, բայց Էրդողանը Ցեղասպանության հարցն է առանձնացնում, որպես հնարավոր սպառնալիք Թուրքիայի համար: Երկու երկրների միջեւ հարաբերությունների լարվածությանը նպաստել են ռուսական S-400 պաշտպանական համակարգերի ձեռքբերումը, որը դուրս մղեց Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ գնելու նախնական պայմանավորվածությունից, թուրքական «Հալքբանկի» դեմ բացված դատական հայցը (պատժամիջոցներից տուժած Իրանին օգնելու վերաբերյալ), Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու խնդրանքի մերժումը, Անկարայի լարված հարաբերությունները ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրիՙ Հունաստանի հետ եւ ամերիկյան կողմից պաշտպանությունը սիրիացի քուրդերին: Այս բոլոր հարցերը քննարվկելու են, հավանաբար, Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ:

Ռուսական զենք գնելու հարցում Էրդողանը խիստ անզիջում մոտեցում էր դրսեւորում, նշելով, որ Թուրքիան անկախ պետություն է եւ չի կարելի նրան վերաբերել որպես երկորդական նշանակության մի իշխանություն: Նրա վարչակազմը քաղաքական շախմատի խաղի մեջ է խրված: Հրապարակայնորեն մեծ նշանակություն տալով Ցեղասպանության հարցինՙ արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն փորձում է նսեմացնել S-400-ի գործարքը, ակնարկելով, որ Թուրքիան կարող է այդ պաշտպանական համակարգի ռուս մասնագետներին ետ ուղարկել դեպի Ռուսաստան եւ ձեռք բերված զենքերը տեղավորել Ինջիրլիքի ավիաբազայումՙ ամերիկյան վերահսկողության ներքո, հույս ունենալով սակարկել Մ. Նահանգների հետ Ցեղասպանության հարցի շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողները գուցե դասեր պետք է քաղեն Էրդողանից, որն այդքան վարպետորեն է օգտագործում Ցեղասպանության հարցը, հասնելու համար իր քաղաքական նպատակներին:

Հայերս պարտավոր ենք իրատես լինել եւ ընդունել, որ միայն հայկական քարոզչությունը չէր, որ իրականություն դարձրեց Ցեղասպանության ճանաչումը: Ոչ էլ Բայդենի ազնվությունըՙ իր խոստումը պահելու վճռականությունը, որովհետեւ բազմաթիվ նախագահական թեկնածուներ եւ քաղաքագետներ նրանից առաջ խոստացել էին նույնը անել, բայց ընտրությունների հաջող ելքից հետո մոռացել են դրա մասին: Այս անգամ պարագաների, հանգամանքների համադրությունը մեծապես նպաստեց իրականացնելու այդ պատմական քայլը:

Էրդողանի պառակտիչ, արկածախնդրական գործունեությունը ի մի բերելով, պարզվեց, որ նա ՆԱՏՕ-ի քողի ներքո իրագործում է իր սեփական նպատակները, հաճախ նույնիսկ դեմ գնալով դաշինքի շահերին: Նման ուշացած ընկալումը առաջացավ ոչ միայն Բայդենի, այլեւ եվրոպական բազմաթիվ երկրների ղեկավարների մոտ: Նրանցից ամենալավ ձեւակերպումը տվեց Եվրոմիության նախագահ Շառլ Միշելը: «Մենք միամիտ չենք, ասաց նա, Թուրքիան հարեւան երկիր է եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, բայց Եվրոմիությունը այն եզրակացության է հանգել, որ Անկարան պետք է հասկանա, որ պարտավոր է եվրոպական շահերին ի նպաստ քաղաքականություն վարել: …Վերջին ժամանակներում Թուրքիայի գործելակեպը չի համապատասխանում եվրոպական շահերին: Մենք պատրաստ ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով ազդել Թուրքիայի այդ վարքագծի վրա»:

Հատկանշական է, որ վերոնշյալ հայտարարությունը հունիսի 1-ին էր հնչել, այսինքն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նախօրյակին:

Նախագահ ընտրվելով Բայդենը հայտարարել էր. «Ամերիկան վերադառնում է», այսինքնՙ Ամերիկան վերահաստատում է իր սկզբունքները: Նրա քաղաքականությունը իր արձագանքներն է ունենում միջազգային հարաբերություններում: Նա շուտով հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որին նա մեղադրել էր «մարդասպան» (քիլլեր) լինելու մեջ: Հանդիպումը կայանալու է այդ ելակետի պայմաններում: Նա ավելի բարյացակամ չէր նաեւ Էրդողանի հանդեպ: Նախքան նախագահ ընտրվելը, երդվել էր համագործակցել Էրդողանի ընդդիմադիրների հետ, որպեսզի «գահընկերց անեն նրան»: Զարմանալի չէր, որ Բայդենը սառը վերաբերմունք ցուցաբերեց եւ մերժեց խոսել Թուրքիայի ղեկավարի հետ իր ընտրությունից անմիջապես հետո, միայն ապրիլի 23-ին հեռախոսը վերցրեց եւ զանգեց Էրդողանին, հայտնելու համար, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Էրդողանը իրեն ոչ բնորոշ զուսպ հակադարձություն ցուցաբերեց, հաշվի առնելով Վաշինգտոնի հետ իր հարաբերությունների բարդ բնույթը:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերը ոչ մի նշանակություն չունեն Թուրքիայի նախագահի համար, բայց երբ Բայդենն է այդ հարցերի մասին խոսում, նա իրոք լուրջ է մոտենում դրանց: Գուցե Էրդողանը հասկանա այդՙ նախքան իր հանիդպումը Բայդենի հետ:

Ակներեւ է, որ Ցեղասպանության հարցը լինելու է առաջիկա հանդիպման օրակարգում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Մ. Նահանգները գոհ չէր Կովկասի վերաբերյալ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված հապճեպ կարգադրությունիցՙ այն համոզմամբ, որ ուժի գործադրմամբ լուծել են ղարաբաղյան խնդիրը:

Հուսանք, որ Բայդենը հավատարիմ մնալով իր խիզախ դիրքորոշմանը, ուժ կգտնի հաղորդելու իր երկու պաշտոնակիցներին, որ իրոք «Ամերիկան վերադառնում է» եւ ստանձնելու է վերստին Մինսկի խմբի եւ նրա որդեգրած սկզբունքների միջոցով կարգավորելու Ղարաբաղի կիսատ մնացած խնդրի պարտականությունները:

Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Հոդվածի անգլերեն տարբերակը