Կոչ ենք անում մասնակիցը չդառնալ հայրենատվության լեգիտիմացմանը՝ ձայն չտալով Հայաստանի գործող վարչախմբին. «Ժառանգություն»

79

Կոչ ենք անում ձայն չտալ մեր պետականությունը, ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը մեծ անհանգստությամբ արձանագրում է՝ 2021թ հունիսի 20-ին մեր երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած վերջին երկու շաբաթներն աչք զարնեցին քաղաքակիրթ նախընտրական քարոզչական գործընթացի հետ աղերս չունեցող բառամթերքով և գործիքակազմով: Վերոգրյալի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի դե ֆակտո իշխանություններն էին՝ կիրառած վաղ միջնդարի բարբարոսներին բնորոշ մրճահարումներով:

2020թ նոյեմբերի 9-ին կնքված հայրենատվության պայմանագրին հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գործողությունները միայն ու միայն միտված էին հայրենատվության տխեղծ եղելության լեգիտիմացման միջոցով սեփական իշխանության երկարաձգմանը, ապա նաև՝ վերարտադրությանը: Անցնող ամիսներին մենք չենք տեսել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային որևէ նախագիծ: Ցավոք պատերազմի վերքերը թաց են. թշնամին գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, իսկ հայրենիքի պաշտպանների մի մասը՝ Բաքվի բանտերում:

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է՝ հետպատերազմական Հայաստանում հանրային միասնության և համախմբան այլընտրանքը պետականակործանման դժգույն  վերջաբանն է լինելու, ինչին անշեղորեն գնում ենք վերջին յոթ-ութ ամիսներին:

Պետք է փաստել, որ նախընտրական ժամանակահատվածում սեփական բնակչությանը վենդետաներով սպառնացող Հայաստանի գործող վարչախումբը հիմնավորապես մերկացրեց իր կացնամրճային տրամաբանությունը: Մենք կարծում ենք, որ ընտրված վաղ միջնադարի բարբարոսներին հատուկ գործիքները՝ որպես համախումբ խորհրդանիշ, ամենացածրակարգ և անարդյունավետ միջոցներն են հանրային անհրաժեշտ միասնության և համախմբման համար:

Ուստի հաշվի առնելով առկա վտանգավոր իրողությունները՝ կոչ ենք անում կուսակցության անդամներին, համակիրներին և համախումբ մեր եղբայրներին ու քույրերին 2021թ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակիցը չդառնալ հայրենատվության լեգիտիմացմանը՝ ձայն չտալով մեր պետականությունը և ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին»: