Թրամփ․ Ժնևի գագաթաժողովը հաջող էր Ռուսաստանի համար, բայց ոչ ԱՄՆ-ի

64

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ժնևում ռուս-ամերիկյան գագաթաժողովը հաջող էր Մոսկվայի համար, բայց ոչ Վաշինգտոնի: Նման հայտարարությամբ Սպիտակ տան նախկին ղեկավարը ելույթ է ունեցել Fox News-ի եթերում:

«Կարծում եմ, ընդհանուր առմամբ, մենք ոչինչ չստացանք», ասել է Թրամփը: «Կարծում եմ ՝ լավ օր էր Ռուսաստանի համար, և ես չեմ հասկանում, թե արդյունքում մենք ինչ ստացանք», ավելացրել է նա:

Հանրապետականը բողոքել է նաև, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, չի խանգարել Ռուսաստանին կառուցել «Հյուսիսային հոսք-2» գազատարը:

Խոսելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների մասին`Թրամփը նշել է, որ դրանք կարող են հրաշալի լինել: «Դրանք կարող են իսկապես փոխշահավետ լինել երկու երկրների համար», ասել է նախկին նախագահը:

Թրամփը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցությամբ: «Մեզ պետք է այն, ինչ նրանք ունեն: Շատ արժեքավոր տարածքներ ռեսուրսների արդյունահանման տեսանկյունից, բազմաթիվ այլ բաներ։ Շատ լավ բաներ կարող են լինել», ասել է Թրամփը: