«Թավշյա հեղափոխությունից» դեպի «պողպատե հեղափոխություն» կամ ինքնիշխանության կորստից դեպի պետականության կորուստ​

116

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը (և ոչ միայն) շարունակում է զարգանալ բավականին անբարենպաստ ճանապարհով: Օրեցօր ավելի ու ավելի սրվող լարվածությունը, իշխող խմբակցության ներկայացուցիչների կոշտ հայտարարությունների, որոշ դեպքերում՝ սպառնալիքների ֆոնին լավատեսական ոչինչ չեն հաղորդում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ հունիսի 20-ից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդող օրերին:​

Բազմիցս է խոսվել այն մասին, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն աննախադեպ է նույնիսկ միջազգային առումով․ դժվար է հիշել գոնե մեկ երկիր, որի ղեկավարությունը, ամոթալի պարտությունից ու կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո, չհեռացվի ժողովրդական ճնշման արդյունքում​ կամ հրաժարվի «բարեկամաբար հեռանալ»։ Ցավոք, պետք է նշենք, որ պատերզամից հետ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, նույնիսկ հակաբանական է․ ստեղծված իրավիճակն ամենևին բնորոշ չէ պետականություն ունեցող և դրա արժեքը գիտակցող ժողովուրդներին։

Այժմ համախմբման փոխարեն մենք ականատես ենք լինում հասարակության պառակտման և բևեռացման գիտակցված ընթացքի, որի կողմերն այս անգամ մենակ «սևերը» և «սպիտակները» չեն․ ավելացել են «նախկինները», «նախկինի նախկինները», «հոգևորականները», «մտավորականները» և այլն։

Այս ամենն, իհարկե, սրում է ճգնաժամը և չի նպաստում անվտանգության ոլորտում այն ​​խնդիրների լուծմանը, որոնց մենք բախվեցին պատերազմից հետո, և որի տրամաբանական հետևանքն այն է ինչն այժմ տեղի է ունենում Սյունիքում ու Գեղարքունիքում, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը գործում են բավականին վստահ և հաջողությամբ լուծում են իրենց առջև դրված խնդիրները՝ չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության։ Սա արդյունք է այլևս գոյության վերջին շնչում գտնվող պետականության, ինչը կամ հնարավոր կլինի փրկել սթափ բանականության և գիտակցված ընտրության շնորհիվ, կամ կդառնա հիշողություն՝ մեռած հայրենիք, որը և ևս մեկ անգամ բաց ձեռքերով կնվիրենք թուրք-ադրբեջանական տանդեմին՝ թմբիրի մեջ գտնվող հոգեխեղված պես գոռալով՝ «ապագա կա»։

Այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը» չմարսած հասարակությանը, դեռևս իշխող թիմն այժմ փորձում է հրամցնել «պողպատե հեղափոխություն»։ Եվ եթե «թավշա հեղափոխության» արդյունքում մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, նույնիսկ սարսափելի է մտածելը, թե ինչ կկորցնենք «պողպատե հեղափոխության» արդյունքում։​ ​

Արամ Խաչատրյան