«15 գերի տվեցինք և վերցրեցինք ականապատված բոլոր տարածքների քարտեզը. ամերիկացիները հանդես են եկել որպես երաշխավոր». ինչի մասին են զրուցել Ալիևն ու Էրդողանը Շուշի մեկնելու ճանապարհին

74

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ` Էմինե Էրդողանի` հունիսի 15-ին դեպի Շուշի ուղևորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որը վերաբերում է օրերս 15 հայ գերու վերադարձին և դրա դիմաց Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը:

Ստորև ներկայացնում ենք զրույցի տեքստային տարբերակը` մասնակի կրճատումներով.

Իլհամ Ալիև. Մենք հիմա Ֆիզուլի (Վարանդա) քաղաքում ենք…Այս վայրերը լի են ականներով… Այստեղ ճանապարհից չի կարելի շեղվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Մենք տասնհինգ գերի տվեցինք և վերցրեցինք ականապատված բոլոր տարածքների քարտեզը:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ե՞րբ է դա տեղի ունեցել:

Իլհամ Ալիև. Ամսի 12-ին:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Այսինքն` օրերս:

Իլհամ Ալիև. Այո, բայց որևէ ստորագրում չի եղել:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Նրանց փոխանցած քարտեզները ճի՞շտ են ցույց տալիս ականապատված վայրերը:

Իլհամ Ալիև. Այո, ճիշտ են ցույց տալիս , քանի որ ամերիկացիները հանդես են եկել որպես երաշխավոր: Նրանք մեզ տվեցին Աղդամի (Ակնա) շրջանի 97 000 ականների քարտեզներ:

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ես չգիտեի, որ այդքան շատ ական կա Ադրբեջանի ստացած քարտեզների վրա:

Իլհամ Ալիև. Եթե մենք ստանանք ականապատված բոլոր տարածքների քարտեզները, ապա դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ առանց դրա աշխատանքը տևելու է 10 տարի, քանի որ ականապատված է ամբողջը:

Էմինե Էրդողան. Այլ գերինե՞ր էլ կան:

Իլհամ Ալիև. Կան, կան:

Էմինե Էրդողան. Մաս-մաս (նկատի ունի հայ գերիների հանձնումը-Խմբ.):

Tert.am