Որքան էլ գոչեք «պողպատյա», «արույրե», «պլատինե», «ալյումինե» ՝ մեկ է. ախր չպիտի հասնեիք անգամ ընտրության

283

   Մեր՝ հայերիս համար նորություն չէ ընտրական և նախընտրական տոթն ու բովը։ Մենք սովոր ենք քաշքշուկի, տրամաբանական սպառնանքի, «նոնամորաքույրային» հեքիաթների, երկուստեք հալածանք-վռնդոցների և այլն։ Մեզ համար երբեք ավարտ չկա, մեզ համար ավարտը ժամանակավոր է՝ ճիշտ և ճիշտ Փոքր Մհերի բանտարկության պես. Մեր ցմահը անստույգ ժամկետն է։ Մենք հրապուրվում ենք մի երկու դյութիչ ժպիտով ու անիրատեսական խոստումով և տրվում ենք անմնացորդ՝ ոչի՜նչ, որ մի քանի ամիս առաջ մեր հերն էր/էին անիծում։ Միայն թե մի ճչացող սուտ լինի։ Շիրոտ կաթիլի շուրջ բոռ ճանճերի պես հավաքվեցին անհայտ անուններ, որոնք նախանձելի ինքնավստահությամբ մղվում են դեպի ընտրություններ՝ քարշ տալով իրենց ետևից բարեկամ-խնամիական մի ցանցառ դասակ։ Սրանք են այս երկիրը փրկողները… Սրանք  Հայաստանի զավեշտական կամ ժամանցային մասն են ապահովում միայն։ Իսկ այ գործող իշխանության մանևրումներից եթե խոսենք՝ կհոգնենք, բայց նյութը չի սպառվի։ Ի՞նչ է նշանակում հունիսի քսանմեկի հանրահավաքի հրավերը, ի՞նչ սյուժեի ակնկալիք կա այս հրավերը սքողող այն մեկ նախադասության մեջ։ Սա լոկ դեպքերի անբնական հերթագայության պատրաստություն է, ուրիշ ոչինչ։ Սա մեսիջ է, ուրիշ ոչինչ։ Փաշինյանական անհամաչափ տագնապը ուղեկցվում է միայն լկտի, լպիրշ քարկոծումներով, մանիպուլյատիվ զազրաբանությամբ, ձեռառնոցու նմանվող ցեխշպրտոցիներով, և ինձ համար ծիծաղելի է այլև նիկոլական նարկո պատրանքին հավակնողը։ Ցավոք, այդ տեսակից կա, և նրանց դեմն առնելն ավելի դժվար կլինի, քան ասենք ժանտախտյան առնետի վերացումը եղավ Եվրոպայում։ Մարդիկ՝ ՀՀ քաղաքացիներ, կենսաբանորեն ընտրազանգված համարվող, հավատում են, թե Նիկոլը պետք է հիմա էլ պողպատյա հեղափոխություն անի, և իրենք էլ «ծափ-նանինա» անեն ու հրճվեն լայն պողոտաներում։ Նախ ասեմ, որ հրապուրիչ լրացում-լրացյալներ կառուցելով իրադրությունը չի փոխվում։ Եվ հետո իմքայլական պարմանիները որքան էլ գոչեն «պողպատյա», «արույրե», «պլատինե», «ալյումինե» ՝ մեկ է. ախր չպիտի հասնեիք անգամ ընտրության… Հե՜յ գիտի հանդուրժող Հայաստան։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ