Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականը

56

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյուքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ: Տեղեկությունը հայտնում է Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: