Փորձագետները հայտնում են աշխարհում տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակի աճի մասին

74

Միջուկային տերությունները, չնայած միջուկային մարտագլխիկների քանակի ընդհանուր կրճատմանը, իրենց օպերատիվ ուժերի կազմում ավելի մեծ քանակությամբ այդպիսի զենքեր են տեղակայել 2020 թվականին: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի հրապարակած զենքի ոլորտում իրավիճակի վերաբերյալ վերջին զեկույցում:

2021 թվականի սկզբին ինը միջուկային պետություն`Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և Հյուսիսային Կորեան, ունեին 13,080 միջուկային զենք, մինչդեռ 2020-ի սկզբին նրանց զինանոցում գտնվում էր 13,400 միավոր միջուկային զենք:

Ինչ վերաբերում է օպերատիվ ստորաբաժանումներում զենքերին, ապա 2020-ից 2021 թվականներին դրանց թիվը 3720 միավորից հասել է 3825-ի, իսկ շուրջ 2 հազարը (որից գրեթե բոլորը պատկանում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին) գտնվել են բարձր պատրաստվածության պայմաններում: