Ունեմ բավարար հիմքեր մտածելու, որ Արցախի հարցը գոնե նախկին ԼՂԻՄ–ի ինքնավար մարզի տարածքով մենք ի վիճակի ենք վերականգնելու․ Ռոբերտ Քոչարյան. Tert.am

90

Ես ունեմ բավարար հիմքեր մտածելու, որ Արցախի հարցը գոնե նախկին ԼՂԻՄ–ի ինքնավար մարզի տարածքով մենք ի վիճակի ենք վերականգնելու։ Այս մասին Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրն այն է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայված են հինգ տարի ժամկետով։ «Չորս տարի վեց ամիս անց Ադրբեջանը կարող է հրաժարվել և դրանք Արցախից հանելու պահանջ ներկայացնել, և սա մեծ անորոշություն է ստեղծում։ Առաջին հերթին պետք է կարողանանք այս հարցի կարգավորումն ստանալ և հավաստիացումը, որ դա այդպես չի լինելու, քանի որ սա մեծ անորոշություն է ստեղծում ընդհանրապես Ղարաբաղի ապագայի հետ կապված»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյան վստահություն հայտնեց, որ այստեղ կարող ենք ինչ–որ բան տեղից շարժել։ «Բայց շատ թույլ վիճակում ենք մտնում բանակցային գործընթացի մեջ, և ես բանակի ուժեղացումը, վերականգնումն ուղղակի կապում եմ այս բանակցային վիճակի հետ։ Այսօր շատ թույլ վիճակում ենք, այդ հանդիպումներում կադրերի վրա դուք տեսնում էիք հայկական կողմի վիճակը և Ադրբեջանի կողմի վիճակը»,– ասաց նա։

Խոսելով ատոմակայանից՝ նա նշեց, որ հասկանում է ատոմակայանի կարևորությունը, նշանակությունը։ «98 թվականներին, երբ երեկոյան ինձ ասացին, թե ինչ աշխատավարձ է ստանում ատոմակայանի դիսպետչերը, այդ գիշեր ես չքնեցի, հաջորդ օրը սաղ փոխեցինք։ Այսինքն՝ լրջագույն կառույց և ինչպե՞ս է կարելի այդպես վարձատրել մարդկանց, որոնք այդպիսի պատասխանատու գործի վրա են»,–ասաց նա։