Ընտրություններից հետո բախումների ռիսկը մեծ է. մեդիամասնագետ

179

-Պարոն Մկրտչյան, անհնար է շրջանցել հայաստանյան աղմուկն ու տապը և չխոսել հունիսքսանյան ընտրություններից։

-Հիրավի դժվար ժամանակներ ենք ապրում. մի կողմից արցախյան ծանր պարտությունը և պարտության դառը հետևանքները, մի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած` չսաստվող թշնամին, մյուս կողմից այսքան սպասված ընտրությունները՝ այդ ամենի միջով, իհարկե, անցնում է միմյանց զգույշ կապող մի կարմիր թել։ Թվում է թե ամեն օր Արցախը հանձնում ենք, ամեն օր նոր հարձակումներ են խմորվում, ամեն օր հայեր են գերեվարվում, ամեն օր նոր վարչապետ է ընտրվում։ Ով ունի հեռախոս՝ պոտենցիալ լրագրող է, իսկ այդ «լրագրողներին» հետևում է մի ողջ հանրություն։ Իհարկե, աշխարհում սա նորություն չէ, բայց Հայաստանի նման վիրավոր երկրում և գերզգայուն հանրության միջակայքում առավել քան խոցելի իրավիճակ է ստեղծվում։

-Հանրությունը որքանո՞վ է իրազեկված անձերի և կամ կուսակցությունների գործունեությունից, առաջ քաշվող տեսլականներից. Համացանց-հեռուստատեսություն պորտալարը ի՞նչ կերպ է գործում քարոզարշավի թեժ օրերին։

-Սա, իր բնույթով աննախադեպ նախընտրական եռուզեռ է, քանի որ առաջադրվելու են ՀՀ երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները, բայց մյուս ընտրությունների նման առկա են նախընտրական գզվռտոցը, ցեխագնդի խաղալը, վիրավոր Արցախի անհարկի շահարկումները, և մեծ-մեծ խոստումներ տալը։ Հեռուստատեսությունն ինչ-որ չափով սպառել է իրեն՝ իր տեղը զիջելով համացանցին։ Գործում է «այստեղ և հիմա» սկզբունքը։ Օրվա ընթացքում այնպիսի շարժեր են տեղի ունենում, որ հեռուստատեսությունը չի էլ հասցնում ֆիքսել ակնթարթային անցուդարձը։ Ինչպես վերևում արդեն ասացի, տուժում է միայն հանրությունը, որովհետև նախ և առաջ չգիտի ինֆորմացիայի հավաստման և մարսման մշակույթը, չի տարբերակում պտտվող լուրի իսկություն և մանիպուլիացիա բևեռները, կարդում է միաէն «սենսացիոն», կոնտեքստից դուրս վերնագիրը, և ապա «մեկնաբանություններ» բաժնում թողնում իր հասանելիք երկտողը, և հետո պարտադրանքի ուժով տարածում վերջինս խանութներում առուծախի ժամանակ։

 -Մեր հանրությունն ինչպե՞ս է ընկալում «քարոզարշավ»-ը

-Ցանկացած երկրում կա ռիսկային  գործոն՝ բախումների հետ կապված։ Բախումներ, որոնք կարող են տեղի ունենալ ֆուտբոլային հանդիպումներում էլ։ Սակայն ընտրական բախումը պարունակում է միտում՝ հրահրվող քաշքշուկի, հայհոյանքի և ծեծի տեսքով։ Բնականաբար, ով ամենից հարուստ է՝ նրա գովազդները, քարոզարշավը տեղի է ունենում էլիտար մակարդակում, բայց հանրության ճնշող մեծամասնությանն, իհարկե, բուկլետային հետաքրքրվածություն չի ցուցաբերում…
Այլ երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, քարոզարշավը հեշտընկալելի մի մշակույթ է, որին տիրապետում է շարքային ամերիկացին. մարդիկ սպասում են, լսում են գովազդներն ու մատուցվող հեռապատկերները, ծանրութեթև անում, ապա ազատորեն ընտրում ում կամենում են։ Մեզ մոտ մինչև իսկ դժվար է մարդկանց բացատրելը, որ ընտրությունը քաղաքացիական պարտք է. Տիպիկ հայկական բնավորության համաձայն՝ որպես անելանելի մի դրություն՝ որոշում են զերծ մնալ և չգնալ ընտրության. Հայկական պարզամտություն (ժպտում է)։ Ճիմտ է, ԱՄՆ-ն մի քանի դարի նախընտրական վազքի փորձ ունի, իսկ մենք մի քանի տարի է ինչ անկախություն, բայց, այնուամենայնիվ մեզ հապճեպ հայացք է անհրաժեշտ, քանզի կիսախորհրդային տրամադրությամբ անկախ Հայաստանի ղեկավար դժվար է ընտրել։

 -Ինչ խորհուրդ կտաք Ձեր հայրենակիցներին նախընտրական քարոզարշավի այս օրերին։

 -Մինչև վերջին օրը լավ ծանր ու թեթև անել, քանզի տարիներ է, ինչ ճանաչում է բոլորին։ Չտրվել ազգային էժանացման տանող միանվագ նվերներին, որպես ձայնագին։ Հետևել միմիայն պաշտոնական և հեղինակություն վայելող կայք-ալիքներին, զերծ մնալ ինֆորմացիոն կամ մեդիատերրորից։ Հավատալ սեփական քվեի ուժին, մշտապես լինել պահանջատեր՝ մերժելով հաևին բնորոշ խռովքը, որ ստիպում է նեղանալ ու չգնալ ընտրության։ Ընտրունը պարտադիր է։

Զրուցեց՝ Հայկ Սիրունյանը