Գերությունից վերադարձած 15 տղաներից մեկն ինձ պատմել է, որ անցել են դժոխքի միջով, վերջին ամիսներին ադրբեջանցիներն ասել են՝ հագնվեք, տանում ենք Հայաստան, տարել, ծեծել և վերադարձրել են. Զոհրաբյան

73

Ապրիլյան նստաշրջանում, երբ դուրս բերեք ադրբեջանական պատվիրակության բոլոր ելույթները, կտեսնեք, որ մի բան կա՝ «տվեք ականապատ տարածքների քարտեզները և մենք կքննարկենք գերեվարված անձանց ազատ արձակումը»: Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին՝ ամիսներ շարունակ Ադրբեջանը պահանջել է ականապատ տարածքների քարտեզը, դուք չե՞ք տվել: Դուք չեք տվել, որ տղաներն ամեն օր մնան գերության մեջ, որպեսզի ձեր քարոզարշավի պիկին տաք Ակնայի 57 հազար ականների քարտեզը և դրա դիմաց ձեզ քարոզչական բոնուսներ հավաքեք:

«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամների ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հիշեցրեց՝ դեռ ավելի վաղ էր ասել՝ ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը գերիներ կվերադարձնի, որպեսզի ապահովի ներկայիս իշխանության բարձր վարկանիշը:

«Անուն չեմ տա, բայց ես խոսել եմ գերությունից վերադարձած 15 տղաներից մեկի հետ և նա պատմել է, որ նրանք անցել են դժոխքի միջով, ասում էր՝ վերջին երկու ամսներին ամեն շաբաթ իրենց ասում էին՝ հագնվեք, ձեզ տանում ենք Հայաստան, տանում էին, ծեծում և վերադարձնում, իսկ վերջին անգամ ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք, մորթենք: Ասում է՝ մինչև Վրաստանի սահման չեն հասել, չեն հասկացել, որ վերադառնում են, իսկ Փաշինյանն ասում էր՝ ոչինչ, երկու ամիս էլ կսպասեն»,-ասաց և շեշտեց, որ Փաշինյանը շարունակում է գերիների վերադարձը համարել իրենց տարած աշխատանքների ձեռքբերումը:

Tert.am