Վատիկանի երկակի ստանդարտները

68

Եթե կա մի պետություն, որը քիչ է խոսում Բաքվի առատաձեռնության մասին, ապա դա ինքըՙ Սուրբ Աթոռն է: Վատիկանըՙ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ձայնով, Արցախի հակամարտության հարցում ընդունեց խիստ զգուշավոր դիրքորոշում:

Ադրբեջանի խիստ շահադիտական մեկենասությունը Վատիկանին

Դիմենք փաստերին: Մարտի 4-ին Հնագիտության սրբազան պապական հանձնաժողովը եւ Ադրբեջանը ստորագրեցին համագործակցության նոր համաձայնագիր, որով Բաքուն պարտավորվում է ֆինանսավորել Իտալիայի մայրաքաղաքի սրտում գտնվող Կոմոդիլայի կատակոմբների վերականգնման աշխատանքները: 2012 թվականից «Հեյդար Ալիեւ» հիմնադրամը, որի ղեկավարն է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, չհրապարակված չափով գումար է նվիրաբերել Վատիկանինՙ ֆինանսավորելու համար վերանորոգման աշխատանքներ, այդ թվումՙ Սիքստինյան կապելլայի նորոգումը: Հիշեցնենք, որ 2009 թ. Բաքուն ֆինանսավորել էր Ստրասբուրգի տաճարի երկու վիտրաժների վերանորոգումը (40 000 եվրո), որին հաջորդեցին Սարթ դեպարտամենտի Ս. Պատերնի ու Ռեվեյոնի եկեղեցիների վերանորոգումը: Ադրբեջանցիները ֆինանսավորել են Սան Մարսելինոյի եւ Կոմոդիլայի կատակոմբների, ինչպես նաեւ շուրջ վաթսուն այլ եկեղեցիների վերանորոգման աշխատանքներ, մասնակցել Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի վերականգնման աշխատանքներին եւ առաքելական գրադարանի հնագույն ձեռագրերի թվայնացմանը: Այս խիստ շահադիտական առատաձեռնությունն ուղղակիորեն կապված է խավիարային դիվանագիտության մի թեւի հետ, որն էՙ միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության ծավալումը:

Ի պատասխան հնչեցին հռոմեական Կուրիայի անդամների, հանձին Արեւելյան եկեղեցիների պապական կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի կամ Հռոմի պապի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի տարատեսակ հրապարակային հայտարարությունները, որոնք գովաբանում են Բաքվի կրոնական հանդուրժողականությունըՙ բառ անգամ չնշելով այդ երկրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բացակայության մասին:

Սուրբ Աթոռի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հիմնադրվել են 1992 թվականի մայիսի 23-ինՙ ամրապնդված կրոնական ժառանգության պահպանման, հանդուրժողականության եւ միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության ընդհանուր մոտեցմամբ:

Ադրբեջանում կաթոլիկ Եկեղեցու իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը պաշտոնականացվել է 2011 թվականին: Վատիկանին քաջածանոթ ադրբեջանցի բռնապետին եւ նրա հավակնոտ կնոջը վերջին անգամ Սուրբ Հայրն ընդունել է 2020 թվականի փետրվարինՙ 25 րոպեանոց զրույցի համար: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ադրբեջան առաքելական ճանապարհորդություն էր կատարել 2016 թվականի հոկտեմբերինՙ Հայաստան այցելելուց չորս ամիս անց: Քննարկվել էին տարածաշրջանային եւ միջազգային որոշ հարցեր: Նվերների ավանդական փոխանակման ժամանակ Ադրբեջանի հանրապետության նախագահը Հռոմի պապին նվիրել էր մի մեծ գորգՙ հյուսված իր երկրի ավանդական եղանակով, ինչպես նաեւՙ կրոնական վայրերին նվիրված մի գիրք: «Սա ձեր հանդուրժողականության նշանն է»,- մեկնաբանել էր Հռոմի պապը: Իլհամ Ալիեւը քահանայապետին նվիրել էր նաեւ գինի եւ խավիար: Իր գրվածքների ամբողջական ժողովածուն Իլհամ Ալիեւին ընծայելիս, Ֆրանցիսկոս պապը կանգ էր առել հատկապես «Մարդկային եղբայրության մասին» գրության վրա: «Սա հանդուրժողականության եւ համակեցության ճանապարհն է»,- նշել էր նա: Չորս տարի անց բռնությունը, պատերազմական հանցագործություններն ու ատելությունը կրկին գլուխ բարձրացրին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարի կամքի դեսպան եւ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի նախագահ առաջին տիկինը վեց անգամ այցելել է Սուրբ Աթոռ (2011 թ. նոյեմբեր, 2012 թ. հունիս, 2014թ. հունիս, 2016թ. փետրվար, 2018թ. սեպտեմբեր եւ 2020թ. փետրվար): Նրա հաճախակի ուղեւորությունները Հռոմ արդյունք տվեցին, եւ նա, վերջապես, Ֆրանցիսկոս պապից ստացավ Պիոս IX-ի Մեծ Խաչ շքանշանըՙ «ի նշան երախտագիտությանՙ Սուրբ Աթոռի զարգացման գործում նրա ներդրումների համար»:

Այդուհանդերձ, իրականությունն այն է, որ Սուրբ Աթոռի դիվանագիտությունը աշխարհում ամենապրոֆեսիոնալներից է: Նա ունեցել է պայծառ գործիչներՙ հանձին ֆրանսիացի կարդինալ Ժան-Լուի Տորանի (1943-2018): 1990-2003 թվականներին նա, իբրեւ արտաքին գործոց նախարար, իսլամի եւ քրիստոնեության մերձեցման կերտող, միջկրոնական երկխոսության հարցերով պապական խորհրդի նախագահ, մարմնավորում էր Սուրբ Աթոռի միջազգային ազդեցությունը Հովհաննես Պողոս II, Բենեդիկտոս XVI եւ Ֆրանցիսկոս պապերի օրոք, եւ չնայած հիվանդության պատճառով խիստ հյուծվածությանը, քիչ լուսաբանված, բայց մի վճռորոշ ուղեւորություն կատարեց Սաուդյան Արաբիա: Արդյոք «Տորանի վարդապետության» շրջանակներում դեպի իսլամ բացվելը չէ՞ր, որ Վատիկանի համար խավիարային դիվանագիտության ծուղակն ընկնելու պատճառ եղավ: Այսպիսին է պատմաբան, հայ կաթոլիկ Ժերար Տետեյանի կարծիքը, որն իրՙ վերջերս հրապարակած նամակագրության մեջ խոսում է մի «միամտության» մասին, նույնիսկ, «ինչ-որ տեղՙ մոռանալու Ավետարանը, որը քարոզում է աղավնու անմեղությունըՙ աղվեսի խորամանկության կողքին»: Անտեսված միամտությո՜ւն, քանի որ «Ղարաբաղի եւ նրա հարակից տարածքների գրավումից ի վեր, Ադրբեջանը ներկայանում էր իբրեւ «օկուպացիայի» զոհ, ինչի հետեւանքով էլ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը շահող կողմ չեղան:

Այլազգի կաթոլիկ համայնքը

Մինչեւ ԽՍՀՄ-ի անկումը Ադրբեջանում գոյություն չունեցած Կաթոլիկ եկեղեցին ի հայտ եկավ 1990-ական թվականներին: Այն ժամանակ կային ընդամենը մոտ երեսուն հավատացյալներ, ովքեր համայնք չունեին: Ադրբեջանի Կաթոլիկ եկեղեցին 1998 թվականին դրվեց ուղղակիորեն Վատիկանում Հավատքի քարոզչության (Propaganda del Fide) սրբազան ժողովի իրավասության ներքոՙ ողջ Կովկասի առաքելական վարչության միջոցով: 1997 թվականին, Բաքվի հավատացյալների խնդրանքով, այս երկիր եկած առաջին քահանան լեհ էր. Ադրբեջանում կաթոլիկներն այժմ ընդամենը մի քանի հարյուր հոգի են, ի տարբերություն ամբողջ աշխարհում մի քանի հարյուր հազարի հասնող հայ կաթոլիկների, որոնցից 30 000-ը միայն Ֆրանսիայում են: Ադրբեջանի այդ կաթոլիկների մեծ մասը տարաբնակներ են կամ արեւմտյան դիվանագետներՙ կենտրոնացած Բաքվի միակՙ Քրիստոս Ամենափրկիչ համայնքում:

2002 թ. մայիսին Հովհաննես Պողոս II պապի այցի ժամանակ նախագահ Հեյդար Ալիեւը տարածք նվիրեց եկեղեցու կառուցման համար. այդ եկեղեցին էլ 2007 թվականին օծեց կարդինալ Տարչիսիո Բերտոնեն, որն այդ ժամանակ Սուրբ Աթոռի պետքարտուղարն էր:

Սակայն հավատացյալների թիվն էապես չաճեց: Դա չխանգարեց, որպեսզի Սուրբ Աթոռը 2018 թ փետրվարի 11-ին Ադրբեջանում նշանակի առաջին կաթոլիկ եպիսկոպոսինՙ սրբազան Վլադիմիր Ֆեկետին. սլովակ սալեզյան մի կրոնավորի, որը եպիսկոպոս ձեռնադրվեց եւ այդ իսկ առիթով օծվեց սրբազան Պողոս Ռիչարդ Գալագերի ձեռամբ, որը Սուրբ Աթոռիՙ պետությունների հետ կապերի քարտուղարն էր (արտաքին գործերի նախարարին համարժեք): Նրա «թեմը» բաղկացած է ծագումով սլովակ յոթ սալեզյան քահանաներից, որոնց օգնում են հինգ միանձնուհիներՙ Մայր Թերեզայի գթության քույրերը: Այս նորՙ զուսպ եպիսկոպոսը իշխանամետ եռանդով չի տառապում, ի տարբերություն իր ռուս ուղղափառ գործընկերոջ` Բաքվի արքեպիսկոպոս Ալեքսանդր Իշեյնի, որը կոտորեց իրեն նախագահ Ալիեւին շնորհավորական ուղերձներ գրելովՙ Շուշիի գրավման առիթով:

Այդուհանդերձ զորակից Կաթոլիկ եկեղեցին

Պետք է նշել, որ չնայած Բաքվի գործադրած զգալի ջանքերինՙ Սուրբ Աթոռի դիրքորոշումն այդ բռնապետական երկրի կողմը հակելու համար, խավիարական դիվանագիտությունը Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդին չխանգարեց ցուցաբերել հայանպաստ դիրքորոշումներ: Նոյեմբերի 23-ին հրապարակված «Արդարություն Արցախի համար» խորագրով հայտարարագրի մեջ այդ կրոնական կազմակերպությունը, որը ցանկանում է խթանել ժողովուրդների միջեւ երկխոսությունն ու խաղաղ գոյակցությունը, ընդգծել է, որ նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած համաձայնագիրը չի երաշխավորում հստակ, ամուր եւ կենսունակ խաղաղություն:

Նոյեմբերի 8-ին Փարիզում հրապարակված հաղորդագրության մեջ, Ֆրանսիայի եպիսկոպոսների համաժողովն առցանց լիագումար նիստում Ֆրանսիայի կաթոլիկ հայերի Փարիզի Ս. Խաչ թեմի եպիսկոպոս սրբազան Եղիա Եղիայանին հավաստեց «իր խորին զորակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»: 1915 թվականին Բենեդիկտոս XV պապը ապաստան էր տվել հայ փախստականներին Կաստել Գանդոլֆոյում եւ երեք անգամ գրել սուլթանինՙ խնդրելով նրան դադարեցնել կոտորածները: Դիվանագիտական այս քայլի ձախողումը կարելի է բացատրել մի քանի գործոններով. առաջինըՙ քսաներորդ դարի սկզբին Սուրբ Աթոռի հեղինակության անկումն էր միջազգային ասպարեզում, սակայն նաեւ Օսմանյան կայսրության ներքին փլուզումը: Հարկ եղավ սպասել մինչեւ 2001 թվականը, որպեսզի «ցեղասպանություն» բառը հայտնվի Սուրբ Աթոռի պաշտոնական մի փաստաթղթում: Խոսքը Հովհաննես Պողոս II պապի եւ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Ա-ի 2001 թվականի սեպտեմբերին ստորագրած համատեղ հռչակագրի մասին է:

Իր հերթին, Oeuvre d՛Orient-ը [1] անցյալում աչքի է ընկել եպիսկոպոս Ֆելիքս Շարմըտանի (1844-1921) գործունեության շնորհիվ, որը ղեկավարեց այդ կազմակերպությունը 1885 թվականից մինչեւ իր մահը: Մինչ մեծ հայասեր ֆրանսիացիները գովերգվում են հայ պատմագրության մեջ, քչերն են ճանաչում այս մարդուն, որը երեք տասնամյակների ընթացքում անխոնջ աշխատեց հօգուտ Օսմանյան կայսրության հայերի:

1895 թվականից սկսած, համիդյան ջարդերի ընթացքում, նա շատ մեծ արշավ ձեռնարկեցՙ դատապարտելով տեղի ունեցող վայրագությունները: Նա հայ տուժյալներին ֆինանսական եւ քաղաքական օգնություն տրամադրեց: Նրա բազմաթիվ աշխատություններ (այդ թվումՙ «Հայ նահատակների անվանացանկ, Հայաստանի կոտորածների պաշտոնական աղյուսակ»[2], 1896), կազմակերպության տեղեկագրում տպագրված հոդվածներն, ինչպես նաեւ նրա նամակագրությունը եւ ուսումնասիրությունները վկայում են հայ ժողովրդի նկատմամբ այս եկեղեցականի տածած ջերմ գորովի մասին: Հավատարիմ մնալով իր աշխարհիկ ավանդույթինՙ Oeuvre d՛Orient-ը նոյեմբերի 24-ին օժանդակության հիմնադրամ բացեցՙ օգնելու համար արցախցի հայ փախստականներին եւ այնտեղ մի քանի առաքելություններ կատարեց[3]:

Իսկ Ֆրանցիսկոս պա՞պը

«Հռոմի Ֆրանցիսկոս պապն արտակարգ հիշողություն ունի, նա գիտի բոլոր հայ եպիսկոպոսներին իրենց անուններով: Երբ նա դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, Խորխե Մարիո Բերգոլիոն իր տաճարում տեղադրել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Նա Արգենտինայի հայ համայնքի հավատարիմ բարեկամն է եւ հիանալի հարաբերություններ ունի Բուենոս Այրեսի հայոց երկուՙ առաքելական եւ կաթոլիկ առաջնորդների հետ: Նա լավատեղյակ է Եկեղեցու ներքին գործերին թե՛ Էջմիածնի եւ թե՛ Անթիլիասի կաթողիկոսարաններում, եւ աշխատում է տիեզերական մերձեցման համար: Նա արդար եւ մարդասեր պապ է, կարեւորում է թափանցիկությունը, ցանկանում է բոլոր եկեղեցիների մերձեցումը», – հիշեցնում է Զավեն Եկավյանըՙ Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի հայկական բաժնի նախկին տնօրենն ու «Սուրբ Սիլվեստր» պապական շքանշանի կոմանդորըՙ Լիբանանի եւ Սիրիայի կաթոլիկ հայկական դպրոցներին Կյուլպենկյան հիմնադրամի կատարած օգնության առթիվ:

2015 թվականի ապրիլի 12-ը շրջադարձային եղավ Սուրբ Աթոռի եւ Հայ եկեղեցու հարաբերությունների պատմության մեջ, երբ Սուրբ Պետրոս տաճարում երկու կաթողիկոսների եւ Հայ Կաթողիկե եկեղեցու Գրիգոր Պետրոս Ի հայրապետի ներկայությամբ տրվող մի հուզիչ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ներածական խոսքում արտաբերեց «քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն» խոսքը: Հայերի վաղեմի բարեկամ արգենտինացի պապը 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած իր այցից հետո Հռոմ վերադառնալու ճանապարհին չի թաքցրել, որ քաջատեղյակ է Հայկական հարցինՙ բոլոր մանրամասնություններով: «Ոչ մի պապ մինչ այժմ հայ ժողովրդի հետ իր բարեկամության մեջ այսքան հեռուն չի գնացել»,- ընդգծում է Ֆրանսիայի կաթոլիկ հայերի Սուրբ Խաչ թեմի եպիսկոպոս սրբազան Եղիա Եղիայանը: Վերջինս սիրում է հիշեցնել, որ 2015 թվականին քահանայապետը սուրբ Գրիգոր Նարեկացուն դասեց Ընդհանրական եկեղեցու վարդապետ:

Նա եղավ նաեւ առաջին պետության ղեկավարը, որը խաղաղության կոչ արեց սեպտեմբերի 27-ին աղոթքի ժամանակ: «Նրաՙ թուրքական կառավարությանը վերագրվող երեք ցեղասպանությունների (հայերի, ասորա-սիրիական-քաղդեական ժողովուրդների եւ Պոնտոսի հույների) դատապարտումը բորբոքեց Էրդողանի զայրույթը, որը նրա խոսքերը որակեց «կողմնակալ եւ անպատեհ», իսկ պապական նունցիան (նվիրակ, դեսպան) կանչվեց Թուրքիայի արտգործնախարարություն «,- հիշում է Ժերար Տետեյանը:

Նոյեմբերի 1-ի Աղոթքի վերջում, Ֆրանցիսկոսը կոչ էր արել դադարեցնել մարտերը Ղարաբաղում, բայց ձեռնպահ մնաց հրապարակավ անվանել ագրեսորին ու ագրեսիայի ենթարկվածին: Մի քանի ամիս անցՙ 2021 թ. փետրվարի 8-ին, դիվանագիտական մարմնին ուղղված իր ելույթում, նա իր ցավը հայտնեց «Հարավային Կովկասի» ճգնաժամի համարՙ հստակ չնշելով Հայաստանը կամ Ադրբեջանը: Հռոմի պապը քանիցս ասել է, որ սրտամոտ է զգում բոլոր տառապյալներին: Մեկ զորեղ նշան եւս. ապրիլի 4-ին Ֆրանցիսկոսն իր ամենամյա ուղերձում Urbi et orbi, Սուրբ Զատիկի կապակցությամբ, կոչ արեց ազատել ռազմագերիներին ամբողջ աշխարհում, Ուկրաինայի արեւելքում եւ Ղարաբաղում: Դա, անշուշտ, շատ քիչ է կամ անբավարար:
Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա
[1] Ֆրանսիական կազմակերպությունՙ հիմնադրված 1856 թ.: Աշխարհի 23 երկրներում աջակցում է Արեւելքի քրիստոնյաներինՙ կրթության, առողջապահության եւ սոցիալական սատարման, փախստականների, մշակույթի եւ ժառանգության հարցերում:
[2] Martyrologe arme՛nien. Tableau officiel des massacres d՛Arme՛nie, dresse՛ apre՛s enquetes (1896)
[3] https://rcf.fr/la-matinale/l-oeuvre-d-orient-lance-un-fonds-de-soutien-pour-les-armeniens-du-haut-karabakh
Նկար 1. Ալիեւ զույգի եւ Քահանայապետի նվերների փոխանակումը: Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ բռնապետ զույգի միջեւ կարծես ամեն ինչ լավ է… Միամտությու՞ն, թե՞ կուրություն:
Նկար 2. Մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասին եւ Հեյդար Ալիեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալաքբարովը:
Նկար 3. Ադրբեջանի առաջին կաթոլիկ եպիսկոպոս Ֆեկետը:
Նկար 4. Պապը ողջագուրվում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ, 2018 թ. Հռոմում Ս. Գրիգոր Նարեկացու բրոնզե մեծ արձանի բացման ժամանակ: Մեջքին` Ամենայն հայոց հայրապետը:

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ