«Լենա Նազարյանը խոստովանում է, որ այս իշխանություններին առհասարակ չի հուզում գերիների խնդիրը». Էդգար Ղազարյան. 168.am

83

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի համար այդքան էլ զարմանալի չէ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ։

«Կարծում եմ՝ նման հիմարություններ երկնելը Լենա Նազարյանի և առհասարակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների պարագայում  շատ սովորական երևույթ է։ Այստեղ կարելի է օբյեկտիվ համարել միայն այն, որ  Լենա Նազարյանը լինելով բարձրաստիճան պաշտոնյա, խորհրդարանական երկրի խորհրդարանի փոխնախագահ, այս ժամանակահատվածում անգամ ինքն է հասկացել, որ մեր երկիրը գտնվում է կատարյալ անիշխանության մեջ, որ գոյություն չունի պետական իշխանություն, որը կզբաղվի իր մեղքով ճակատագրի նման ծանր բեռի տակ հայտնված մեր քաղաքացիների խնդիրներով»,- 168.amի հետ զրույցում ասել է Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հավանաբար Լենա Նազարյանը չգիտի, որ կառավարությունում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, գոյություն ունի պետական հանձնաժողով, որը զբաղվում է և որի պատասխանատվության տակ է գերիների և անհետ կորած քաղաքացիների վերադարձի հարցերը։

«Լենա Նազարյանը հավանաբար չգիտի, որ մեր հայրենակցուհի, Լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանին ազատ է արձակել ոչ թե Լիբանանի հասարակական և մշակութային հանրությունը, այլ Լիբանանի կառավարությունը։ Եվ միայն այն պարագայում, որ Լիբանանը պետություն է և ունի կառավարություն, կարողացան իրենց քաղաքացուն հետ բերել գերությունից։ Իսկ Հայաստանը կառավարություն, իշխանություն չունի, կան արկածախնդիրներ, սրիկաներ և դավաճաններ, որոնք ուղղակի իշխանական լիազորություններով են օժտված։ Լենա Նազարյանը խոստովանում է, որ այս իշխանություններին առհասարակ չի հուզում գերիների խնդիրը, և սա այնքան պարզ է։ Մեր իշխանությունը գերիների խնդիրը բարձրաձայնել է միայն այն ժամանակ, երբ նրանց հարազատները բունտ են բարձրացրել։ Երբ Բաքվից դատարկ ինքնաթիռ վերադարձավ, դրա մասին 3-4 օր խոսեցին, հենց հանրային դժգոհության այդ ալիքն անցավ, իրենց մոտ էլ պասիվություն եղավ։ Դրա համար իրենք ցանկացած խնդիր պատրաստ են բարդել ցանկացած մարդու վրա, որովհետև իրենք որպես իշխանություն՝ գոյություն չունեն, բայց նորից հավակնում են իշխանության»,- հավելել է Է. Ղազարյանը։