Իմ հետեևից գոռում են՝ «դավաճանի աղջիկ», դավաճանը հենց Նիկոլն է, որ բարդեց հորս վրա․ դավաճանության մեջ մեղադրվողի դուստր․ «Հրապարակ»

157

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 7-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ բացահայտել են պետական դավաճանության դեպք, դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր այդ մասին հայտարարել։ ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր տարածել, որում 2 տղամարդ խոսում են ադրբեջանցիներին «քցելու» մասին։ Մենք զրուցել ենք դավաճանության մեջ մեղադրվողներից մեկի՝ Գ․ Հ․-ի դստեր հետ, որը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ համոզված է իր հոր անմեղության մեջ, ապա նշեց, որ այդ օրվանից իր կյանքը դժոխքի են վերածել, Նիկոլ Փաշինյանը իրեն Հայաստանով մեկ խայտառակ է արել:

«Հունիսի 1-ին եկել, հորս տարել են ԱԱԾ, եկել, տունը խուզարկել են, տնից ոչ մի բան չեն հայտնաբերել, ոչ էլ Գ․ Բ․-ի՝ իր ընկերոջ տնից։ Այս տեսանյութերի մեջ ասում են, թե տնից ինչ-որ բաներ են հայտնաբերել, որ Գ․ Բ․-ն ԱԱԾ-ին ինչ-որ գործեր է տվել, զինվորի մասին տեղեկություններ է վաճառել։ Ոչ մի բանը իրականության հետ չի համապատասխանում։ Ես լավ գիտեմ․ ընտրություններից առաջ երկրի առաջին դեմքը ուզում է մեկի վրա բարդել այդ մեղքը, բայց դա էլ ճիշտ չէ։ Ամբողջ Հայաստանով մեկ մեզ խայտառակ է արել, ես այսօր դրսում քայլում եմ, իմ հարևանը հետևիցս գոռում է` «դավաճանի աղջիկ»։ Ոչ մի բան դեռ չպարզված` մեզ այս ձևով խայտառակ անել, որ իրենք են արել․․․։ Հիմա վերջը ի՞նչ է լինելու։ Մենք մի քիչ գումարային խնդիր ունեինք, բայց ես այսօր փաստաբանի հետ խոսել եմ, ինքը այսօրվանից կմտնի գործի մեջ և ավելի լավ գործին կծանոթանա։ Ես վստահ եմ, որ հայրս ոչ մի կապ չունի, բայց ինչի՞ համար են նման բաներ սարքում, ես դա չեմ հասկանում ուղղակի»,- ասաց Աննա Խաչատրյանը։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ համոզված է և հստակ տեղեկություններ ունի, որ ԱԱԾ-ում հորը ծեծել են և ստիպել են, որ իրենց համար ցանկալի բաներ ասի.

«Իմ հոր ընկերը եղել է կամավորական ջոկատի հրամանատար, ինչ-որ պրոֆեսիոնալ մասնագիտություն էլ չի ունեցել։ Այդ տեսանյութի մեջ, երբ հայրս իր հետ խոսում է, ասում է, որ հա, մենք թուրքերին «քցել» ենք և այլն, բայց թուրքերին ոչ մի կոորդինատ չեն տվել։ Իրենց տանում են ԱԱԾ, ծեծում են ու իրենց ինչ պետք է, դա էլ խոսեցնում են։ Ես վստահ եմ, որ այնտեղ հորս ծեծի են ենթարկել, նույնն էլ` իր ընկերոջը՝ Գ․ Բ․ին։

Այսօր մեր հարազատները ապշած են մնացել, թե այս ինչ են սարքում մարդկանց գլխին։ Նիկոլ Փաշինյան, դու ընտրություններից առաջ ուզում ես ցույց տալ, թե ինչ-որ մեկին բռնե՞լ ես, այդպե՞ս է ձևը։ Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ եթե իրենք դավաճան են, եթե ինչ-որ մի բանի հետ կապ ունեն, մենք ենք առաջինը իրենց մեղադրելու, բայց ես գիտեմ, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս դեպքի հետ, ես չեմ հասկանում, թե ինչու են իր գլխին սարքում։ Նիկոլ Փաշինյանը մեզ ամբողջ Հայաստանով խայտառակ է արել։

ԱԱԾ-ում Գ․ Բ․-ի տղային էլ խփել են, ճնշել են, ասել են, թե հայրդ ասել է, դու էլ ասա։ Սա ի՞նչ է նշանակում, սա՞ է իր ասած օրենքը։ Ես հստակ ինֆորմացիա ունեմ, որ ծեծել են, և ես չգիտեմ, թե հորս հիմա այնտեղ ինչ են արել։ Հիմա ամեն ինչ իրենց ձեռքում է, իրենք կարող են հորս կանգնեցնել պատի մոտ ու ստիպել, որ խոսի, ասի, որ ինքն է ինֆորմացիա տվել և այլն, բայց դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Ես մի բան եմ հասկանում․ ընտրություններից առաջ մարդկանց գլխին սարքել են։ Թող ճիշտ դավաճանին ու մեղավորին բռնեն, դավաճանն էլ հենց ինքն է, որ կա, ու այս ամենը բարդում է հորս վրա»: