Բլինկեն. ԱՄՆ-ը կպահպանի հարյուրավոր պատժամիջոցներ Իրանի դեմ, նույնիսկ եթե վերջինս վերադառնա միջուկային գործարքին

134

ԱՄՆ-ը ուժի մեջ է պահելու բազմաթիվ միակողմանի սահմանափակող միջոցներ Իրանի դեմ, նույնիսկ եթե վերջինս վերադառնա միջուկային համաձայնագրին և Թեհրանը կատարի դրա բոլոր դրույթները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Ներկա փուլում մենք չգիտենք՝ արդյոք Իրանը պատրաստ է անել այն, ինչ պետք է անի, որպեսզի վերադառնա [Գործողության համատեղ համապարփակ ծրագրին]», ասել է ԱՄՆ արտգործնախարարը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նույնիսկ եթե դա տեղի ունենա, մեր [ԱՄՆ] պատասխանատվությունը կլինի այն պատժամիջոցների վերացումը, որոնք չեն համապատասխանում համաձայնագրին: Միևնույն ժամանակ՝ վճռականորեն պահպանել այն պատժամիջոցները, որոնք համահունչ են համաձայնագրին՝ մի շարք ոլորտներում Իրանի բազմաթիվ չարամիտ գործողությունների հետ կապված միջոցներ ձեռնարկելու համար: Եվ ես կարող եմ ակնկալել, որ նույնիսկ Գործողության համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու դեպքում հարյուրավոր պատժամիջոցներ կմնան: Այդ թվում՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները: Եթե ​​դրանք համապատասխանեն համաձայնագրին, դրանք ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի վարքը չի փոխվել», ասել է ԱԳՆ ղեկավարը: