Սպիտակ տուն․ ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ գագաթաժողովից զգալի արդյունքներ չի ակնկալում

84

ԱՄՆ-ը էական արդյունքներ չի ակնկալում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից, որը տեղի կունենա Ժնևում հունիսի 16-ին: Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Եթե իրական նշանակալի արդյունքների եք սպասում, ապա հավանաբար պետք է երկար սպասեք: Գագաթաժողովը հնարավորություն կտա ԱՄՆ նախագահին Ռուսաստանի նախագահին պատմել մեր մտադրությունների ու ներուժի մասին և նույնը լսել ռուսական կողմից», ասել է Սալիվանը:

Նրան հարցրել են, արդյոք այժմ ճիշտ ժամանակն է գագաթաժողով անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: «Սա ճիշտ իրավիճակ է Ռուսաստանի հետ շփման համար: Մենք երկարաձգեցինք Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, այնպես արեցինք, որ Ռուսաստանը վճարի Solarwinds-ի դեմ կիբեռհարձակման և ընտրություններին միջամտության գինը», ասել է նա: