Հայաստանից մինչև 7000 հեկտար հող է անցել Ադրբեջանին, ստեղծում են անվտանգության գոտի և ետ չեն գնա. Ջորջ Տաբակյան(տեսանյութ)

70

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարզարշավը. ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները զբաղված են քարոզարշավով, իսկ ուժային կառույցների մեծ մասը՝ քարոզարշավին մասնակցող իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը պահպանելով, ու մինչ Հայաստանի ներսում այս վիճակն է, մայիսի 12-ից Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ մեր երկրում, ավելին՝ իրականացնում են դիրքային ամրաշինական աշխատանքներ ու զբաղեցնում նորանոր տարածքներ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ստեղծված իրավիճակը շատ կարճ՝ մեկ բառով՝ աղետ որակեց «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն, քարտեզագիր Ջորջ Տաբակյանը։

«Սա աղետ է։ Այսօր մոտ 4000-7000 հեկտար հող է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Հայաստանից։ Չորս ուղղություններով մոտավոր այդքան տարածք են զբաղեցրել, և դա 10 անգամ ավելի է, քան կորցրել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Հիմա եկել տեղավորվել են, նրանք դիրքավորվել են այդ տարածքներում՝ դրանով հանդերձ՝ խախտելով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարության հիմքում դրված և մեզ համար խիստ ոչ նպաստավոր 1974 թվականի քարտեզները, որից էլ բխում է, օրինակ, Սյունիքի մարզի ներկայիս վիճակը։ Ադրբեջանցիները չեն համաձայնի ետ գնալ, հիմա նրանց համար ոսկյա առիթ է ստեղծվել։ Չորս հազար հեկտար հող են վերցրել՝ առաջին պատճառը այդ տարածքներում առկա ջրի պաշարներին տիրանալն է, մյուսը՝ Սև լճին տիրանալով՝ 7 կմ հեռավորության վրա են գտնվելու դեպի Արցախ և Հայաստանի հարավ տանող ճանապարհից, իսկ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանը ստեղծում է անվտանգության գոտի»,- ասաց նա։

Ըստ Տաբակյանի՝ աբսուրդի ժանրից են իշխանության արդարացումներն առ այն, որ ձմռան պայմաններում չեն կարողացել դիրքեր ամրացնել, որովհետև մենք դիրքեր ունենք Օմարում, որոնք 30 տարի պահպանել ենք խիստ ձմռան պայմաններում, բացի այդ, նույն ձմռանն է Ադրբեջանն իր դիրքերն ամրացրել, հետևաբար՝ ինչպես հայկական կողմի շահերից չբխող 1974 թվականի քարտեզը գործընթացի հիմքում դնելը, այնպես էլ դրա հետևանքով Հայաստանի մի շարք մարզերում ստեղծված իրավիճակը պայմանավորվածության հետևանք է։

«1974 թվականի քարտեզներով կան անկլավներ. առաջին անկլավը Տիգրանաշենն է, որը, եթե հանձնվի, Երևանը Գորիսին և Արցախին կապող 4.5 կմ ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հաջորդ խնդիրը կապված է Տիգրանաշենում գտնվող մեր աղբյուրների հետ, որոնց ջուրը հոսում է Երասխ և Պարույր Սևակ գյուղեր, և, եթե մենք այդ գյուղը հանձնում ենք, ապա մյուս գյուղերը զրկվում են ջրից։

Մի տարօրինակ բան էլ կա Տիգրանաշենի հետ կապված. պարզվում է՝ 2019 թվականին Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությունը ասֆալտապատել է Երասխից մինչև Զանգակատուն ընկած ճանապարհահատվածն ամբողջությամբ՝ բացառությամբ այդ ամբողջ հատվածի մեջտեղում տեղակայված Տիգրանաշենի ճանապարհների։ Ինչ վերաբերում է Տավուշի մարզում գտնվող անկլավներին, ապա Սոֆուլու-Բարխուդարլու գյուղերով է անցնում Շամշադինը Տավուշին կապող ճանապարհը, և մեծ խնդիր է առաջանալու այդ տարածքի մյուս այլ գյուղերի համար, որոնք Շուռնուխի օրն են ընկնելու։ 1974 թվականի քարտեզով Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին տալով՝ գյուղերը կկիսվեն այնպես, ինչպես կիսեցին Շուռնուխում։ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղն էլ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով է կապում Հայաստանը Վրաստանի հետ։ Այս երեք անկլավների հանձնումը մեզ համար լինելու է աղետ»,- ասաց Ջորջ Տաբակյանը՝ նշելով՝ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի արդեն իսկ հրապարակված փաստաթուղթը, ապա դա բերելու է նաև Հայաստանի տարածքների կորստից բացի՝ Արցախի անկախության ճանաչմանը՝ Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է պատերազմի ավարտից հետո առաջացած 500 կմ սահմանը կահավորելու ուղղությամբ պետության կողմից տարվող քաղաքականությանը, ապա Տաբակյանը նշեց, որ, թեև պատերազմից հետո մեր երկիրը փոքրացավ, իսկ մեր սահմանները երկարեցին, պատերազմի ավարտից 7 ամիս անց էլ որևէ բան այդ սահմանները պաշտպանելու ուղղությամբ չի արվել։

«Այսօր էլ զինվորները քնում են վրանների տակ, մեր գործընկերները փող են հավաքում, որ վրաններ գնեն։ Մենք 500 կմ սահման ունենք, մեզ պետք է 200-250 հենակետ՝ տնակներ, այո, հասարակական կազմակերպությունները դա կարող են անել և անում են, բայց չեն կարող ամբողջ կարիքը բավարարել։ Ես չգիտեմ, թե Սյունիքի մարզին հատկացված գումարները որտեղ են ծախսվել, հայտարարել էին միջպետական հանձնախմբի մասին, որը Սյունիքում պետք է այլընտրանքային ճանապարհներ կառուցեր, սակայն մինչև հիմա ես որևէ բան չեմ տեսել, չի երևում դիրքերի ամրաշինության ուղղությամբ որևէ արված աշխատանք, և մենք այս հարցում գործ ունենք ցանկության բացակայության հետ. եթե ցանկություն լիներ, ապա շատ երիտասարդներ պատրաստ էին գալ և կամավոր սահմանների ամրաշինական աշխատանքներով զբաղվել»,- ասաց «Արար» հիմնադրամի տնօրենը։

Հավելենք, որ գործող իշխանությունը 2021 թվականի հունվարին Սյունիքի մարզպետարանին հատկացրել է նախ՝ 200 մլն դրամ, ապա՝ ևս 500 մլն դրամ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում