Տեղի ունեցավ Խաչատրյանի անվան մրցույթի բացման արարողությունը

30

Մամուլի հաղորդագրություն

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի երաժշտական այս ստուգատեսի հաղթողի համար կպայքարեն դիրիժորները։ Մրցույթի բացման արարողությունը խորհրդանշական էր. գալա համերգի ընթացքում ելույթ ունեցավ նախորդ տարիներին մրցույթի հաղթող, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը, իսկ համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ղեկավարում էր խաչատրյանական մրցույթի 2016թ. դիրիժորական անվանակարգում առաջին մրցանակակիր Ջուն Սան Պարկը։  

Թավջութակահար Ջոնաթան Սվենսենը երրորդ անգամ է Հայաստան այցելում։ Առաջին անգամ մեր երկիր էր ժամանել որպես խաչատրյանական մրցույթի մասնակից, այս անգամ նույն մրցույթի շրջանակներում հանդես է գալիս որպես հրավիրյալ երաժիշտ։ Զգացողությունները երաժշտի համար միանգամայն տարբեր են։ Ըստ նրա՝ տարիներ առաջ մրցույթին մասնակցելիս փոքր-ինչ լարվածություն կար, այսօր էլ, իհարկե, որոշակի անհանգստություն կա, քանի որ ցանկանում է բեմում լավագույնս ներկայացնել Արամ Խաչատրյանի՝ թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտ-ռապսոդիան։ Նա 17-րդ մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս բեմ բարձրանալիս չմտածել ոչնչի մասին, մոռանալ ամեն բան, տրվել երաժշտությանն ու վայելել այն, վայելել մրցույթի ամբողջ պրոցեսը։

Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաև Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից։

Ի դեպ, երեկ՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները, կազմակերպիչներն ու արվեստագետներ այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծ հայի շիրմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

Այսօր արդեն մեկնարկել է խաչատրյանական ստուգատեսի առաջին փուլը։ Մասնակիցները փորձեր են անում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որից հետո երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանան հանդիսատեսին և ժյուրիին։

Նշենք, որ Խաչատրյանի անվան մջազգային մրցույթը դասական երաժշտության սպասված և նշանակալի մջոցառում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Մրցույթը հիմնադրվել է 2003թ. հունիսի 6-ին` Հայաստանի և աշխարհի 20-րդ դարի դասական երաժշտության հենասյուն, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ: Կարճ ժամանակում ընդլայնման և միջազգային ճանաչման շնորհիվ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ