«Հայաստան» դաշինքի հաղթանակը կանխորոշված է. Комсомольская правда

135

Հայաստանում քաղաքական էլիտաների փոփոխությունն անխուսափելի է, քանի որ, ըստ փորձագետների, ներկայիս կառավարությունը չափազանց շատ է կոպիտ սխալներ թույլ տվել: «Հայրենասիրական ուժերը ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ արտերկրում, խաղադրույքներ են կատարում Ռոբերտ Քոչարյանի կոալիցիայի վրա։ Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի երկրորդ նախագահի դաշինքը, կարծես, հաղթանակի հիմնական հավակնորդն է»,- գրում է ռուսական հեղինակավոր Комсомольская правда թերթը։

Մայիսյան թեզիսներ

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը մայիսի վերջին հայտարարեց իր «365+. Ապագան սկսվում է» ծրագրի մասին: Երկար ժամանակ պահանջվեց քաղաքական պլատֆորմ պատրաստելու համար. կարևոր էին ոչ այնքան ընթացիկ քաղաքական որոշումների արդյունքները, որքան հասարակ հայերի կարծիքները, որոնք առավելագույնս մասնակցում էին տնտեսական և աշխարհաքաղաքական փակուղին ճեղքելու ծրագրի մշակմանը:

Ժողովրդականությունն ու տեղական բնակչության կարծիքի վրա խաղադրույք կատարելը պետական կառավարման նոր համակարգի հիմնական հատկանիշներն են, որոնք առաջարկում են Քոչարյանն ու նրա համախոհները: Թվում է, որ բաղադրատոմսը նոր չէ. հետխորհրդային տարածքում յուրաքանչյուր ընտրության ժամանակ հնչեցվում է իշխանությունների և ժողովրդի սերտ երկխոսության թեզիսը: Բայց, սովորաբար, հասարակական գործոնն ավելի արագ է երկրորդ պլան մղվում, քան նոր քաղաքական գործիչը զբաղեցնում է կառավարության աթոռը:

Քոչարյանը, ըստ քաղաքական վերլուծաբանների, հեռու է նման ընտրական հնարքներից: Լուրջ քաղաքական դերակատարներ և փորձագետներ, որոնք զգայուն են հեղինակության կորստի նկատմամբ, կոալիցիա են կազմել ՀՀ երկրորդ նախագահի հետ: Սա նշանակում է, որ ներկայացված ծրագրի ժողովրդականությունը հնարք չէ, այլ իրական և, թերևս, միակ արդյունավետ կապի միջոցն է հայ ընտրողների հետ:

Ամրապնդվել սահմանին

Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից (Հայաստանի վարչապետի պաշտոնակատար) պարտված ղարաբաղյան պատերազմը դարձավ ազգային զայրույթի կատալիզատոր: Բայց նույնիսկ ռազմական անմիջական բախումներից առաջ, երբ, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է ավելի քան 5000 հայ, տեղի բնակիչները մեղադրում են ներկայիս իշխանություններին չափազանց շատ աններելի սխալների մեջ: Հանրության մեղադրանքների այս ցուցակի վրա էլ հենվել է Ռոբերտ Քոչարյանը:

Ծրագրի կարևոր հիմքը դարձավ հանրապետության անվտանգությունը: Առաջին ղարաբաղյան պատերազմի հերոս Քոչարյանը հասկանում է, թե որքան կարևոր է ուժեղ բանակի առկայությունը ազգային միասնության և ինքնիշխանության ձևավորման գործում: Հայկական բանակին վերադարձնել նրա երբեմնի հզորությունը`նշանակում է կանխել հետագա արյունահեղությունն ու ագրեսիան Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: «Պարտվող ազգի սինդրոմն անընդունելի է: Պարտվեցին ոչ կոմպետենտ քաղաքական գործիչները, ոչ թե մեծ հայ ժողովուրդը»,- համոզված է Քոչարյանը: Քաղաքական գործչի կարծիքով՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է, որը կսկսի վերագործարկել խարխլված տնտեսությունը:

Զարգացման բյուջե

Ռազմարդյունաբերական համալիրը աճի միակ խթանը չէ: Հանրապետությունում միջին աշխատավարձը հազիվ գերազանցում է 200 հազար դրամը (30 հազար ռուբլուց պակաս): Նման գնողունակությամբ գործնականում անհնար է ապահովել տնտեսության շրջանառություն՝ առանց արտաքին պարտքի ներգրավման:

Հայաստանին անհրաժեշտ են լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մի կողմից նոր ներդրումներ կներգրավեն երկիր, իսկ մյուս կողմից` կապահովեն բարձր վարձատրվող աշխատատեղեր: Քոչարյանի թիմը որոշել է սկսել ճանապարհների շինարարությունից: Սա երկիրը «կարելու» և աշխարհի տրանսպորտային հանգույցներ վերադառնալու բավականին արդյունավետ միջոց է:

Գյուղատնտեսության ոլորտը պետք է դառնա մեկ այլ տնտեսական լոկոմոտիվ: Քոչարյանն առաջարկում է Փաշինյանի օրոք ոչնչացված գյուղատնտեսության նախարարությունը վերադարձնել պետական կառավարման կառույց: Նրանք նախատեսում են աջակցել ֆերմերներին ուղղակի սուբսիդիաների և հարկային բազայի մշակման միջոցով: Իսկ ապրանքների վաճառքի համար պետք է բացվեն նոր շուկաներ, այդ թվում`ներքին…

Մնալ չի կարելի վերադառնալ

Քոչարյանի ծրագիրն ուղղակի հակոտնյան է այն գաղափարների, որոնք իրականացնում է գործող կառավարությունը: Անցած շաբաթ հայտարարվեցին ընտրություններում «Հայաստան» դաշինքի հաղթանակից հետո երկրի զարգացման ծրագրերը: Հայտարարությունների ազդեցությունն անմիջապես զգացվեց: Սփյուռքը սկսեց խոսել Հայաստանի վերածննդի հույսի մասին: Եվ սա նշանակում է ոչ միայն հայրենակիցների ենթադրյալ վերադարձ, այլև ներդրողների վերադարձ:

Քոչարյանի ծրագրի ամենակարևոր կետերից են մշակույթն ու կրթությունը: Դրանցից կախված է հայկական ինքնությունը` կարևոր գործոն միազգ երկրի համար: Այս ոլորտների համար նախկին նախագահի թիմում պատասխանատու են փորձառու ղեկավարներ, որոնք գիտեն իրավիճակը ներսից և գոհ չեն այն ամենից, ինչ հիմա է կատարվում:

Հաղթանակը կանխորոշված է

Պատահական չէ, որ խոշոր քաղաքական խաղացողները խաղադրույքներ են կատարում Քոչարյանի վրա: Գործող կառավարությունը չի կարող առաջարկել զարգացման համահունչ ծրագիր, մանավանդ՝ Փաշինյանի շտաբը չի կարող հույսը դնել բնակչության վրա: Սփյուռքից նույնպես աջակցություն չկա:

Այս ֆոնին կարող է թվալ, որ առանց մեծ պայքարի հաղթանակ է տանելու «Հայաստան» դաշինքի առաջնորդը: Գործնականում Քոչարյանն ու նրա կողմնակիցները բուռն ճնշման են ենթարկվում. պատերազմի վետերաններին վարկաբեկում են քրեական հետապնդումներով, քննիչները մեղադրանքներ են գրում Քոչարյանի ընտանիքի և ընկերների վրա, իսկ «Հայաստան» դաշինքի համակիրները պարբերաբար ենթարկվում են ոտնձգությունների և իրավունքների ոտնահարումների:

Այս ամենը միայն ամրապնդում է ընտրություններում նոր ընդդիմության հաղթանակի անհրաժեշտության ըմբռնումը: «Ի վերջո, դա է, որ  վերականգնվելու հնարավորություն կտա խոր քաղաքական ճգնաժամի միջով անցնող երկրին»,- գրում է թերթը։

Թարգմանությունը՝ Yerkir.am