ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության» նախագիծը

74

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի օրակարգում ներառված էր «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության» նախագծի քննարկման հարցը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Փոխնախարարը ներկաներին նախ ներկայացրել է նախագծի մշակման նախապատմությունը՝ ընդգծելով, որ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակումը նախատեսված էր Կառավարության գործողությունների ծրագրով: Մինչ այդ ոլորտը կարգավորվել է ՀՀ կառավարության՝ 2014 թվականին ընդունած արձանագրային որոշմամբ, որը, ըստ Արթուր Մարտիրոսյանի, կրում էր հռչակագրային բնույթ և չուներ հստակ թիրախներ, ցուցիչներ և գործողությունների պլան։

«Կառավարության  նոր մոտեցմամբ՝  ցանկացած ոլորտի ռազմավարություն պետք է ուղեկցվի մի քանի տարվա համար նախատեսված գործողությունների պլանով, ունենա հստակ չափելի արդյունքներ և ֆինանսական գնահատական: Այս փաստաթուղթը համապատասխանում է վերոնշյալ բոլոր պահանջներին։ Բացի դրանից՝ Կառավարության մեկ այլ մոտեցմամբ՝ ռազմավարությունը մշակելիս անհրաժեշտ է լինել առավելագույնս մասնակցային: Այդ նպատակով ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը մշակելու համար կազմվել է աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են եղել ԿԳՄՍ և գործընկեր նախարարությունների, ինչպես նաև բաց, թափանցիկ և ժողովրդավարական սկզբունքներով ընտրված երիտասարդական կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,- փաստել է փոխնախարարը՝ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբում ընդգրկված բոլոր կողմերին: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ նախագծի մշակման գործընթացում եղել է նաև միջազգային փորձագիտական աջակցություն, այն քննարկվել է զարգացման գործընկերների հետ։

Նրա խոսքով՝ մինչև հանրային քննարկման դրվելը նախագծի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել երիտասարդական տարբեր խմբերի հետ, որպեսզի հաշվի առնվեն նաև կոնկրետ խմբերի շահերը, և թիրախային մոտեցում դրսևորվի դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, օրինակ՝ սահմանամերձ համայնքների, գյուղաբնակ և քաղաքաբնակ երիտասարդների, հայրենադարձների և այլն։

Արթուր Մարտիրոսյանի հավաստմամբ՝ նախագծի մշակման ողջ գործընթացում չի եղել որևէ քաղաքական կաշկանդվածություն, ինչի մասին կվկայեն նաև աշխատանքային խմբի անդամները. միակ նպատակը եղել է ուղենշային այնպիսի փաստաթուղթ ունենալը, որն առաջիկա մի քանի տարիների կտրվածքով կկարգավորի երիտասարդական ոլորտը: Ռազմավարության միջոցառումների պլանի արդյունավետ իրականացման նպատակով նախատեսվում է զարգացնել  ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության կարողությունները, ստեղծել երիտասարդական քաղաքականության փորձագիտական կենտրոն, նախարարին կից երիտասարդական խորհուրդ, ինչպես նաև երիտասարդական ՀԿ-ների ինքնակազմակերպման արդյունքում ձևավորված կառույց:

«ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության» նախագիծը և միջոցառումների ծրագիրը ներկայացրել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Նրա խոսքով՝ ռազմավարության հիմնական տեսլականն է՝ ունենալ այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդներն ունեն առավելագույն հնարավորություններ, այն է՝ հանդես գալ որպես ակտիվ և պատասխանատու քաղաքացի, ինքնադրսևորվել, աշխատաշուկայում մրցունակությունը պահպանել, շարունակաբար զարգանալ և ստեղծագործել, իրացնել իրենց իրավունքները, կայանալ որպես երջանիկ անհատ և քաղաքացի, ինչպես նաև ներդնել իրենց ներուժը` ի շահ համայնքի, պետության զարգացման ու հզորացման:

Որպես ռազմավարության հիմնական նպատակ՝ Գոհար Մամիկոնյանը մատնանշել է ոլորտի համակարգումն ու զարգացումը: Այդ համատեքստում, ըստ զեկուցողի, նախատեսվում է ոլորտի բոլոր դերակատարների հետ արդյունավետ համագործակցությամբ կայացնել փաստահեն որոշումներ՝ ծրագրերի համադրման և առավելագույն ազդեցության ապահովման համար: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խթանել նաև ոլորտի զարգացումը և ներդնել սոցիալական նորարարության մոդելներ՝ ուղղված երիտասարդներին մատուցվող ծառայությունների որակի և ազդեցության բարձրացմանը, ինչպես նաև ապահովել սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների առավելագույն ներառումը ռազմավարության բոլոր գործողություններում:

Որպես հաջորդ կարևոր նպատակ՝ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը մատնանշել է երիտասարդի՝ ակտիվ քաղաքացի լինելու փաստը: Այդ նպատակով նախատեսվում է զարգացնել երիտասարդների կարողությունները՝ որպես հասարակության հայրենաճանաչ, իրավագիտակից, պահանջատեր և պատասխանատու անդամ:

Բանախոսը նշել է նաև աշխատաշուկայում երիտասարդների մասնակցության խթանումը ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության միջոցով, աջակցությունը նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, նորարարության, մշակույթի և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի մշակույթի տարածումը: Նախատեսվում է խթանել նաև երիտասարդական աշխատանքի և կամավորության համակարգային զարգացումը: Միջազգային համագործակցության համատեքստում, Գոհար Մամիկոնյանի հավաստմամբ, նախատեսվում է զարգացնել կապերը եվրասիական և եվրոպական տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացների և ՀՀ անդամակցությամբ միջազգային միջպետական կազմակերպությունների շրջանակում, ինչպես նաև խթանել երկխոսությունը ՀՀ, Արցախի և սփյուռքի երիտասարդական կառույցների միջև:

Զեկուցումից հետո նախարարին կից հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Նրանք նաև մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին, որոնք հիմնականում վերաբերել են տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից երիտասարդների որակյալ կրթության ապահովման, միջոցառումների ծրագրի գործիքակազմի և դրա կիրառման, շահառուների տարիքային խմբի, երիտասարդական ՀԿ-ներին դրամաշնորհների տրամադրման մեխանիզմների, ռազմավարության նպատակների իրականացման հիմնական խթանի ապահովման, ազգային փոքրամասնությունների երիտասարդների ներգրավման և այլ հարցերի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին, նշել է, որ հնչած առաջարկությունները կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում:

Նիստի ավարտին հասարակական խորհուրդն ընդունել է որոշում՝ «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության» նախագծին և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին: