Հովհաննես Չեքիջյան. «Արամ Խաչատրյանի ամեն մի նոտան հավերժական է, չկա մի ազգ, որ նրան չգնահատի, չսիրի և չհիանա»

72

Մամուլի հաղորդագրություն

Այսօր՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթի մեկնարկի կապակցությամբ այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրել են մանրամասներ մրցույթի կազմակերպման մասին։


«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նշել է, որ ավանդույթի համաձայն, մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրիմին այցելությամբ և հարգանքի տուրք մատուցելով։ Մրցույթի բացման արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգային ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա 2014թ. մրցույթի դափնեկիր թավջութակահար Ջոնաթան Սվենսենը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջուն Սան Պարկը, որը 2016թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։ Մարտին Թովմասյանը կարևորել է այն փաստը, որ տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթը կայացել է մշակույթի նախարարության և հանրապետության նախագահի ու նրա տիկնոջ աջակցությամբ։ Նշվել է, որ այս տարի մրցույթին մասնակիցներ կան ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Հունաստանից, Սլովենիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից, Իսպանիայից, Հայաստանից և այլ երկրներից։

Խաչատրյանի մրցույթի նպատակներից է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտների և աշխարհում է՛լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը։ Խոսելով 17 տարիների ընթացքում մրցույթի ձեռքբերումների մասին՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի, Ջութակի կոնցերտները և Թավջութակի ռապսոդիան այս տարիների ընթացքում կատարել է 2600 երաժիշտ, այդ 2600 երաժիշտները սովորել են Խաչատրյանի ստեղծագործությունները հատուկ մրցույթին մասնակցելու համար։ «Դա նշանակում է, որ նրանք այդ գործերը կատարել են ոչ միայն Երևանում՝ մրցույթի շրջանակներում, այլև աշխարհի տարբեր բեմերում։ Ես հիշում եմ՝ Բորիս Բերեզովսկուն մի անգամ հարցրի՝ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը տարվա ընթացքում քանի անգամ եք կատարում, նա ասաց, որ այդ տարի արդեն 25 անգամ կատարել է տարբեր երկրներում։ Ընդ որում, շեշտեց, որ ամենաշատ ծափերը ստանում է հենց Արամ Խաչատրյանի կոնցերտից հետո։ Առողջ արևելքը, որ կա Խաչատրյանի երաժշտության մեջ, մեծ ազդեցություն ունի թե՛ ճապոնացու, թե՛ շվեդի, թե՛ ամերիկացու վրա,- ասաց պարոն Սմբատյանը՝ ավելացնելով, որ թեև բոլորիս համար շատ ծանր ժամանակներ են, սակայն պետք է ամեն ինչ անենք՝ պահպանելու մեր ինքնությունը, մեր ազգայինը,- երաժշտությունն այն լեզուն է, որով մենք աշխարհի հետ կարող ենք խոսել առանց թարգմանության և հավասարը հավասարի հետ»։


Մրցույթի ժյուրիի նախագահ, Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը նշում է, որ Արամ Խաչատրյանը մեր ազգային հպարտությունն է։ «Նրա ամեն մի նոտան հավերժական է, չկա մի ազգ, որ նրան չգնահատի, չսիրի և չհիանա։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ևս մեկ առիթ է այս մեծությունը հավերժացնելու համար։ Եվ այդ գործում մեծ ներդրում ունի Արմեն Սմբատյանը»,- ասել է մաեստրո Չեքիջյանը։ Հովհաննես Չեքիջյանը հատկապես շեշտել է, որ ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Ըստ ժյուրիի նախագահի՝ մրցույթի մասնակիցների ընտրությունը դժվար է լինելու. «Աչքի անցկացնելով մասնակիցների կենսագրությունները՝ տեսնում ես, որ մեկը մյուսից լավն է։ Հետևապես շատ դժվար է լինելու նաև նրանց ընտրությունը»։


Ըստ կանոնակարգի, մրցույթի մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է ներկայացնեն նաև հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն։ Այս տարի դիրիժորները նվագախմբի հետ կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունը։ Մաեստրո Մանսուրյանն ընդգծել է, որ 17 տարվա պատմություն ունեցող խաչատրյանական մրցույթն աննախադեպ գեղեցիկ իրադարձություն է։ «Մեր կյանքը հաճախ նման տևականությամբ միջոցառումներ մեզ չի պարգևում։ Կազմակերպիչներին հաջողվել է հետևողական աշխատանքի միջոցով կյանքի կոչել այս փառավոր նախաձեռնությունը, ինչը մեզ հնարավորություն է տալիս շփվելու հոգևոր մեծ հարստության հետ՝ միաժամանակ կապվելով աշխարհի, երաժշտական տարբեր շերտերի հետ»,- ասել է պարոն Մանսուրյանը։


Ժյուրիի անդամ, IMG Artist ընկերության փոխնախագահ Հարոլդ Քլարկսոնը, լինելով թավջութակահար, քաջ ծանոթ է Խաչատրյանի այն ստեղծագործություններին, որոնք գրված են թավջութակի համար։ Քլարկսոնը նշել է, որ Խաչատրյանի արվեստի հետ ծանոթացել է ուսանողական տարիներին։ Նա բարձր է գնահատում Խաչատրյանի անվան մրցույթը՝ շեշտելով, որ այն մեծ ճանաչում ունի աշխարհում և երաժշտական օրացույցի կարևոր մասն է։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ