Մարդիկ մենակ են, անպաշտպան են, թիկունքներում պետություն չեն զգում

311

  Շաբաթ միջորե… Երևանյան դառնացող սպասումներ մոտ-հեռուներից՝ դիրքերից, որտեղ մարդիկ առասպելի ատլասի նման ճկռում են հայրենական ծանրությունից։ Մարդիկ մենակ են, անպաշտպան են, թիկունքներում գրեթե չկա պետական հովանին, որ ապտակի պես մի բան է։ Մարդիկ՝ պինդ տղերքը, ավեն օր գոռգոռալով, հրմշտելով, ձեռնամարտով, զարտուղի պայքարի ձևով սանտիմետրի համար հյուծվում են ու սմքում։ Տղերքն ադրբեջանցի են ապտակում…

   Արդեն քանի՜ օր է տղերքն են բախվում, ծեծում-ծեծվում, գերեվարվում, և… զոհվում… պետական անվանի պաշտոնյաները լուռ են կաշառված քածի նման։ Ավելին՝ քարոզարշավ են իրականացնում գերհանգիստ խղճով, հին ու նոր խառնում, որպես որթով խայծ, նախկին-ներկա հրահրում թրքացնելով հայերին, այնինչ Հայաստանում ավելի մեծ խնդիրներ կան, քան քարոզարշավն է։

   Կա մի ուրիշ մանիպուլացնող, հերկող կոնցեպցիա՝ նույն մոդելով։ Վերջին աղմկահարույց դեպքի հետ կապված, երբ պարզապես հեռացվեցին մի երկու մանր աշխատողներ, մի երկու իրենց համար կարևորներն էլ ստացան նկատողություն. նրանք թիվ մեկ իշխանավորն են, պատասխանատուն են, բայց ոչ երբեք մեղավորը, նույնիսկ երբ դիերն են անտեսվում։

   Ամեն օր եմ ստանում տեղեկություններ սահմանից, որոնք բացարձակ հուսադրող չեն, կամ, նվազագույնը, ողբալի են, ու այդ ամենը զեկուցվում է, վստահ եմ, վերին սրիկաներին, բայց… մի երկու բամբակապորտ, Չարբախից անդին չտեսած լղարիկ պաշտոնյաներ աներեր պնդում են, թե մենք բանակցում ենք, օգուտ է տալիս մեր կառուցողական բանակցումը, մենք գիտենք, թե ինչպես վարվենք, թող նախկինը մտածի, նախկինի նախկինը տվեց նախկինին, նախանախկինը վաղուց էր այս շիլան սարքել…

    Մանկամտությամբ արդեն քանի տարի է բոլորում այս երկիրը։ Ուղիղ մանկամտությամբ, քանզի աջուձախ մեղավորներ փնտրելով, ինտրիգներ հրահրելով ժողովրդին բութ լարումի տակ պահեցին, տակնուվրա արեցին ողջ կիսականգուն համակարգերը, փշրեցին բանակի ողերն ու որովայնը, ու առհասարակ խոշտանգեցին հայրենիքն իր պահապաններով։ Ու հիմա լուի պես կպել են պետության մաշկից ու պոկ չեն գալիս, ու թքած էլ ունեն, թե մեր երկրից գերի առան, առաջ եկան, խփեցին մերոնց։ Ինչքան լոզը դնչին լամուկ կար այլևս իշխանություն է, իսկ տղերքը ըմբշամարդով ադրբեջանցի են հրում սահմանից այն կողմ, և կամ ապտակում հանուն հայկականության արթնության։

    Նրանք, ովքեր պնդում են թե ճոխացվում է իրադրությունը, որպես զսպված գոռոց ասեմ՝ Երևանի գունավոր սրճարաններից, իհարկե, խնդրահարույց ոչինչ չկա, բայց կարո՞ղ է մեկնումեկը պատկերացնել, թե ինչ է նշանակում երեխաներին արգելել խաղալ բակում՝ թուրքի նշանառության տակ որպես «մեշեն» չդառնալու համար։ Վատ է, շատ վատ։

    Մեր բակում, երբ նարդի են խաղում ու մեկը պարտվում է՝ տեղը զիջում է ուժերը լարող հաջորդին։ Եվ ելնում է սեղանից գլխիկոր, տխուր, մթնած դեմքով, կարծես մի ողջ պատերազմ տանուլ տված լինի։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ