Հաջորդ շաբաթ Ճապոնիան և Ավստրալիան կանցկացնեն «երկու գումարած երկու» ձևաչափով բանակցություններ

70

Ճապոնիայի և Ավստրալիայի պաշտպանության և արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները հաջորդ շաբաթ կանցկացնեն համատեղ բանակցություններ «երկու գումարած երկու» ձևաչափով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին մամլո ասուլիսում շեշտել է, որ բանակցությունները տեղի կունենան հունիսի 9-ին: Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դրանք վերջին երկուսուկես տարվա ընթացքում «երկու գումարած երկու» ձևաչափով առաջին բանակցություններն են Ավստրալիայի հետ: «Բանակցությունների ընթացքում մենք նախատեսում ենք քննարկել ճապոնա-ավստրալական պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցը», – հավելել է նա:

Անցյալ տարվա վերջերին Տոկիոյում տեղի ունեցան երկու երկրների վարչապետների բանակցությունները, որից հետո կողմերը համաձայնություն ձեռք բերեցին երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ: Դա այսպես կոչված փոխադարձ մուտքի համաձայնագիրն է: Այն սահմանում է իրավական դաշտ, որը թույլ է տալիս երկու երկրների ռազմական անձնակազմին փոխայցելություններ կատարել համատեղ վարժանքներ կամ դասընթացներ անցկացնելու համար: