Ընտրություններից առաջ 370 աշխատակցի աշխատավարձ է բարձրացվել

98

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վահագն Մկրտչյանի գրառումն այն մասին, որ նույն կուսակցության պատգամավորի երկու այլ թեկնածուների (մարզպետի եւ առողջապահության նախարարի պաշտոնակատարի) օժանդակությամբ, հունիս ամսից 10-20%-ով բարձրացվել է բժշկական կենտրոնի շուրջ 370 աշխատակցի աշխատավարձ։

Ծանր բյուջետային տարվա կեսից աշխատավարձի նման կասկածելի բարձրացումը ընտրակաշառք լինել-չլինելու հարցը պատշաճ գնահատելու նպատակով «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անունից կատարվել է պատգամավորական հարցում՝ հետեւյալ հարցադրումներով.

1) ի՞նչ օժանդակություն են ցուցաբերել ՔՊ ցուցակով պատգամավորական թեկնածուներ մարզպետը եւ նախարարի պաշտոնակատարը.

2) ո՞րն է ֆինանսական օժանդակության աղբյուրը.

3) ինչո՞վ է պայմանավորված հունիս ամսից, այսինքն՝ բյուջետային տարվա կեսից աշխատավարձերի բարձրացումը՝ այն դեպքում, երբ բյուջեն սովորաբար հաստատվում է նախորդ տարվա վերջին եւ բոլոր ծախսային բաղադրիչներն արդեն իսկ տարին սկսվելուց հաստատված են լինում: