Թուրքիայում 4 ամսում 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել

111

2021թ. առաջին 4 ամսվա համար Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել:

Զեկույցի համաձայն՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայում 14 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 213 լրագրող  դատարանի առաջ է  կանգնել և 20 լրագրող դատապարտվել է 57 տարի 10 ամիս ազատազրկման:

Նշվում է, որ Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վիճակը  վատթարացել է մասնավորապես 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո և շարունակվում է մինչև այսօր: 

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ-ի վիճակագրական և «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հրապարակած տվյալներին:

Ըստ ՄԻԵԴ-ի տվյալների՝ Թուրքիան 2020թ. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածն ամենից շատ խախտած երկիրն է: Բացի այդ, RSF-ի  միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2021թ. զեկույցի տվյալներով՝ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 153-րդ տեղը։

Հաղորդվում է նաև, որ եթե տարեսկզբին բանտարկված լրագրողների թիվը 87 էր, ապա հաշվետու ժամանակահատվածում այդ թիվը նվազել է և հասել 68-ի: Զեկույցի տվյալներով, այս ցուցանիշը վերջին 5 տարիներին ամենացածրն է: