Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը և անվտանգային համակարգը փլուզող, իրար հակասող ամենօրյա հայտարարությունները հարված են մեր ազգային անվտանգությանը․ Գեղամ Մանուկյան

61

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը և անվտանգային համակարգը փլուզող և իրար հակասող ամենօրյա հայտարարությունները հարված են Հայաստանի ազգային անվտանգությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Սև լճի 30 տոկոսի համար Հայաստանը պատերազմ չի սկսելու, և զինվոր ունենալու կարիք չկա Օմարի լեռնանցքում, որտեղ «տարվա կեսը ձյուն ա»։

«Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով հունիսին 20-ից հետո իր ջախջախիչ պարտությունը և հետագայում պատասխանատվության առաջ կանգնելու հանգամանքը, հասարակությանն զբաղեցնում է տարատեսակ ցնորամիտ մտքերով, որոնց մեկնաբանությունն ուղղակի դառնում է գործիք՝ նրա հայտարարությունները տարածելու և հասարակության մեջ վախի, զիջումների տրամադրություններ սերմանելու համար։ ՀՀ հազարավոր տղաներ մի օր դեռ Նիկոլ Փաշինյանից պատասխան են ստանալու իրենց ծառայության երկու տարիներին Օմարի բարձունքները հերոսաբար պաշտպանելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից նման անարգանքի արժանանալու համար»,- ասաց Մանուկյանը։

«ՀՀ ղեկավարի աթոռին առայժմ նստած է Ալիևից պարտված, նվաստացած, նրա առջև ծնկի իջած մեկը, որը, ինչպես 7 ամիս առաջ էինք զգուշացնում, որևէ բարոյական, քաղաքական, հոգեբանական հնարավորություն չունի՝ դիմագրավելու թշնամու հարձակումներին և պաշտպանելու ՀՀ պետական և ազգային շահը»,– ավելացրեց նա։

Ըստ ՀՅԴ անդամի՝ Նիկոլ Փաշինյանն աշխատում է «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով՝ հայ ժողովրդի կարևորագույն, ազգային-ռազմավարական բոլոր հարցերի շուրջ նա փորձում է կարմիր գծերն անցնել։ «Իր և իր ղեկավարած քաղաքական ուժի համար արդեն 3, և հանրային գործունեության տիրույթում՝ տարիներ շարունակ այդ սկզբունքը գործել է։ «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով նրանք փորձում են բազմաթիվ տաբու թեմաներ անցնել»,-ասաց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին և իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ը դանդաղում է, Մանուկյանն ասաց․ «Նրանց խնդիրը ՀԱՊԿ-ը հարցի կարգավորմանը ներգրավելը չէ և հարցի լուծումը չէ, այլ ուղղակի և անուղղակի կերպով ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին թիրախավորելը, ինչն ակնառու է»։

Հարցին էլ՝ ինչպե՞ս է պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը, Մանուկյանը պատասխանեց․ «ՀՀ-ում ազգային, ուժեղ, դիվանագիտական, քաղաքական, ռազմագիտական, անվտանգային գիտելիքներով զինված նոր իշխանության ձևավորման պարագայում է, որ հնարավոր է շտկումներ իրականացնել»։